Սիրելի կենդանիների նկարներ, սելֆիներ ՝ սոցիալական ցանցերը թույլ են տվել քաղաքական գործիչներին իրենց մասին խոսել ոչ ավանդական եղանակներով:
«Թեկնածուներն այժմ ստիպված են միաժամանակ գործել մի քանի հարթակներում՝ ունենալ քաղաքական դիրքորոշում, դրսեւորել իրենց որպես առաջնորդներ, ինչպես նաեւ հանդես գալ որպես իրական մարդ գալով նաեւ անձնական տարածք», - նշում է Ամերիկյան Համալսարանի վերլուծաբան Մոլլի Օռուրքին:
Արդեն 2016 թվականի ընթացքում սոցցանցերն առաջին տեղն էին զբաղեցրել որպես ընտրողների տեղեկատվության աղբյուր, առաջ անցնելով ավանդական հեռուստատեսությունից, թռուցիկներից եւ պաստառներից: Այսօր նախագահ Թրամփի սիրված հարթակում՝ Թվիթերում, հաջողությամբ գործում են նաեւ հակառակ ճամբարի իր մրցակիցները՝ սենատոր Քամալա Հարիսը եւ նախկին քաղաքապետ Փիթ Բուդիջիջը: Խոսքն արդեն գնում է ոչ այնքան սոցցանցերի օգտագործման անհրաժեշտության մասին, որի հետ բոլորը համաձայն են, այլ՝ յուրաքանչյուր քաղաքական գործչի կողմից իր առանձնահատկություններին համապատասխանող սոցցանց ընտրելու մասին:
«Չեմ կարծում, Քամալան կամ Փիթը կարող են օգտագործել Ինսթագրամն այնպես ինչպես օրինակ Ջո Բայդենը կամ Բերնի Սենդերսը: Ուստի, կարեւոր է օգտագործել հարթակ, որը համահունչ է նրանց», - նշում է Ալեքս Ուոլլը, ով 2016թ Հիլլարի Քլինթոնի նախընտրական թիմի սոցցանցերի պատասխանատուն էր:
Սոցցանցերը թույլ են տալիս թեկնածուներին կապվել ընտրողների հետ եւ պատասխանել նրանց բոլոր հարցերին ուղիղ իրենց հեռախոսներից եւ անվճար: Այսօր վերլուծաբանների խոսքով ամերիկյան հասարակությունը սոցցանցերում իրական երկխոսությանը մասնակցելու կարիքն ունի: Կարիք, որը դեմոկրատները հույս ունեն օգտագործել 2020 թվականի նախընտրական պայքարի ընթացքում:
Facebook Forum