Մատչելի հղումներ

ԵԱՏՄ-ում էներգակիրների միասնական շուկայի ստեղծման հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով


Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«ԵԱՏՄ-ում բանական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություններից մեկն է։ Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձևաչափերով, և հույս ունեմ, որ այս խնդիրը ի վերջո լուծում կստանա, որովհետև այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը:

Ըստ նրա՝ երկրորդը՝ թվային օրակարգի ստեղծումն է։ «Կարծում եմ, որ թվային տեխնոլոգիաները կմոտեցնեն մեր երկրների տնտեսությունները։ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման, այլ երկրների համար կառույցի նկատմամբ հետաքրքրության բարձրացման տեսանկյունից այս հարցերը շատ կարևոր են»,-ասաց Փաշինյանը:

Երևանում ապրիլի 30-ին կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

XS
SM
MD
LG