Ութ պայթյուն տեղի ունեցավ Շրի Լանկայի եկեղեցիներում եւ հյուրանոցներում այն օրը, երբ քրիստոնյաները տոնում են Սուրբ Զատիկը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր աջակցությունն է հայտնել երկրի քրիստոնյաներին.
«Բոլոր սպանվածներին հանձնում եմ Տիրոջը եւ աղոթում եմ բոլոր վիրավորների եւ տուժածների համար»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից էր, ով իր վրդովմունքը հայտնեց Սուրբ Զատկի օրվա առավոտյան:
Շրի Լանկայի ամենախոշոր քաղաքում՝ Կոլոմբոյում իշխանությունները պարեկային ժամ են հայտարարել եւ արգելափակել սոցցանցերը:
«Մենք հրահանգել ենք ձերբակալել այդ միջադեպի մեջ բոլոր ներգրավվածներին: Նման պահվածքն անհանդուրժելի է մեզ համար», - հայտարարել է երկրի վարչապետ Ռանիլ Վիքրեմեսինգհը:
Ահաբեկչական հարձակումների համար պատասխանատվություն դեռեւս ոչ ոք չի ստանձնել, սակայն, պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, մեղավորները կրոնական ծայրահեղականներ են, որոնք պատկանում են մեկ խմբի: Պայթյունների մեծ մասն, ըստ իշխանությունների, իրականացրել են մահապարտները:
«Հավատացած ենք, որ այս ահաբեկչական միջադեպի բոլոր մեղավորները կձերբակալվեն որքան հնարավոր է շուտ: Նրանց ինքնությունը պարզվել է», - հայտարարել է Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուան Վիջեվարդենը:
Երկրում քաղաքացիական պատերազմի ավարտից ավելի քան մեկ տասնամյակ անց սա նման ծավալի առաջին միջադեպն է:
Facebook Forum