Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը համարում է խիստ արդյունավետ և կայացած


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գործունեությունը համարում է արդյունավետ, կառույցի հետ համագործակցությունը՝ կայացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստի ընթացքում:

Անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հարցին, թե Հայաստանը ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ առաջընթաց արձանագրե՞լ է, Փաշինյանը պատասխանեց.

«Երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին և սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, ես դրանց հետ համաձայն եմ: Բայց թույլ տվեք ասել, որ դրանք իմ և մեր ընկալմամբ նաև նույնքան հայաստանյան արժեքներ են: Ես նկատի ունեմ, որ մենք ժողովրդավարությունը չենք ընկալում որպես մի բան, որ մենք ներկրել ենք, կամ որևէ տեղից արտահանվել է դեպի մեր երկիր: Սա արժեքային համակարգ է, որը բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մեր ժողովրդի ձգտումներից և ցանկություններից: Եթե այդ փաստը արձանագրենք, մենք կարող ենք արձանագրել, որ այսօր մենք Եվրոպայի խորհրդի հետ ունենք բացարձակապես նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը և ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա այն»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ չնայած ոչ մի օտարերկրյա ուժ հեղափոխության մեջ ներգրավված չի եղել, բայց Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին 18-ամյա անդամակցությունը և այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքն, իհարկե, շատ էական կերպով նպաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կայացմանը: «Եվ այս առումով, իհարկե, Եվրոպայի խորհրդի գործունեությունը ՀՀ-ում արդյունավետ եմ համարում: Առնվազն անձնական պահ էլ կա. ինձ մեկ անգամ չեն բանտարկել՝ շնորհիվ Եվրոպայի խորհրդի և մեկ անգամ բանտից ազատել են՝ շնորհիվ Եվրոպայի խորհրդի: Եվ այդ համագործակցությունը ես համարում եմ խիստ արդյունավետ և կայացած»,-եզրափակեց վարչապետը:

XS
SM
MD
LG