Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահի ընտրություններ՝ ծանոթացեք բոլոր մանրամասներին


Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ծրագրված երկու թեկնածուների բանավեճը կարող է անցնել ոչ թե ապրիլի 19-ին, այլ՝ 14-ին:

Հրավեր

Երկրորդ փուլ անցած գործող նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել առաջին փուլում հաղթած Վլադիմիր Զելենսկուն բանավեճն անցկացնել ապրիլի 14-ին.

«Պարոն Վլադիմիր Զելենսկին առաջարկում էր բանավեճն անցկացնել մարզադաշտում: Անձամբ ես կարծում եմ, որ մարզադաշտը նախագահական բանավեճի լավագույն վայրը չէ, սակայն եթե նա այդպես է ուզում, թող լինի մարզադաշտում»:

Պորոշենկոյի կարծիքով, ժամանակն է վերջ դնել անբովանդակ բանավեճերին.

«Խոսքն այն մասին չէ, թե թեկնածուներն ինչ հայտարարություններ են անում: Խոսքն ագրեսոր պետության մարտահրավերներին հակազդելու մասին է: Պուտինը թույլ նախագահ է ուզում, որպեսզի վրեժը լուծի, սակայն, ես համոզված եմ, որ Ուկրաինան դա թույլ չի տալու»:

«Ողջույն բոլորին, - իր Ֆեյսբուկի էջում գրել է Վլադիմիր Զելենսկին, - Ապրիլի 19-ին Օլիմպիական մարզահամալիրում տեղի կունենա Պորոշենկոյի հետ իմ բանավեճը, որի ընթացքում ես կարող եմ նրան ցանկացած հարց ուղղել»:

Զելենսկին կոչ է արել սոցցանցերի օգտատերերին գրել իրեն հարցեր, որոնք քաղաքացիները կցանկանային ուղղել Պորոշենկոյին:

6 միլիոն՝ մարզադաշտի համար

Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտնել է, որ մարզադաշտում նախագահական բանավեճի արժեքը կազմելու է շուրջ 6 միլիոն գրիվնա (շուրջ 225,000 դոլար).

«Հիմնականում դա մարզադաշտի վարձակալումն է, բեմահարթակի կառուցումը եւ լուսավորությունը»:

Միեւնույն ժամանակ, եթե որոշվի, որ բանավեճը դա քաղաքական քարոզչություն է, ապա այն հեռարձակող բոլոր ալիքներին պետությունը ստիպված կլինի վճարել, որը եւս 6 միլիոն գրիվնայով կավելացնի ծախսերը:

Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին օրենքի 62-րդ հոդվածում նշված է, որ պետական միջոցների հաշվին կազմակերպվում է հեռուստաբանավեճ, որը «անց է կացվում կրկնակի քվեարկության օրվան նախորդող ուրբաթ օրը ժամը 19.00-22.00 սահմաններում՝ առնվազն 60 րոպե տեւողությամբ»:

Հիշեցնենք, մարտի 31-ին անցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.24, իսկ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլն անցնելու է 2019թ. ապրիլի 21-ին:

Բանավեճի տեսքը եւ բովանդակությունը

Քաղաքագետ Օլեգ Օլեշչյուկի կարծիքով, մարզադաշտում բանավեճի անցկացումն օրենքով արգելված չէ.

«Կարելի է ասել, որ բանավեճը նախընտրական քարոզչության անհրաժեշտ բաղադրամաս է, սակայն, չի կարելի ասել, որ առանց դրա ընտրությունների անցկացումն անհնար է: Հնարավոր է եւ մեզ մոտ բազմիցս է այդպես եղել»:

Քաղաքագետի խոսքով, Զելենսկին Պետրո Պորոշենկոյից մեկ քայլ առաջ է իր նախաձեռնողական քարոզարշավով: Ուստի, Պորոշենկոն ստիպված է արձագանքել Զելենսկու կողմից առաջ քաշած հարցերին: Մյուս կողմից, Օլեշչյուկը մատնացույց է անում Զելենսկու կեղմից ստեղծված սեփական անձի վիրտուալ պատկերին, որի ոճին համապատասխանում է հենց մարզադաշտի, ոչ թե տաղավարի բանավեճը.

«Այժմ մենք տեսնում ենք, որ բանավեճի անցկացման ձեւը որոշակի դիվիդենտներ է բերում Վլադիմիր Զելենսկուն, իսկ գործող նախագահը խաղում է Զելենսկու կանոններով»:

Անկախ բանավեճի արդյունքներից, երկու կողմն էլ հայտարարելու են դրա ընթացքում իրենց հաղթանակի մասին, համոզված է քաղաքագետը:

Facebook Forum

XS
SM
MD
LG