Մատչելի հղումներ

Աննա Հակոբյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում


ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian Heritage Park-ը: Ապրիլի 4-ին Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր Քութուջյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանի, Սինտիա Ղազարյանի և Բոսթոնի հայ համայնքի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել հուշարձանին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել Բոսթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա շեշտել է, որ այցի առաջին իսկ վայրկյանից առանձնահատուկ կապ ու ջերմություն է զգացել:

Ապրիլի 5-ին Աննա Հակոբյանն այցելել է Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոց: Դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է կրթօջախով, շփվել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների և ծնողների հետ: Կրթօջախի սաներին նա խորհուրդ է տվել լավ սովորել հայոց լեզուն:

Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամը օգնում է քաղցկեղով հիվանդ մանուկներին, որպեսզի նրանք կարողանան ավելի շուտ ապաքինվել, վերադառնալ դպրոց, լավ սովորել ու հայրենիքի համար լավ մարդ դառնալ: Մեկ այլ աշակերտի հարցին, թե ի˚նչ ձևով կարող է օգնել երեխաներին, Աննա Հակոբյանը շեշտել է, որ կարող են քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնել նրանց հետ շփվելով, խաղալով, ընկերանալով ու միասին ուրախ ժամանակ անցկացնելով: Աննա Հակոբյանը խոստացել է, որ երբ դպրոցի աշակերտները ամառային արձակուրդներին գան Երևան, ապա անպայման հանդիպում կկազմակերպի նրանց ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի երեխաների հետ:

Բոսթոնում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև Րաֆֆի և Նինա Ֆեստկջյաններին: Հանդիպմանը, որին մասնակցել են Բոսթոնի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ սփյուռքի համայնքները Հայաստանի հարստությունն են և շատ խնդիրներ, դժվարություններ չէին հաղթահարվի, եթե սփյուռքը չլիներ:

Բոսթոն այցելության ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև «Հայրենիք» արխիվ:

Facebook Forum

XS
SM
MD
LG