Պենտագոնի տվյալների համաձայն, Չինաստանը տիրապետում է 125 միջուկային հրթիռների, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար, իսկ Ռուսաստանը, խախտելով միջազգային օրենքը, արդիականացրել է միջին հեռավորության հրթիռները եւ նոր գերձայնային գերարագ հրթիռ մշակել: Հյուսիսային Կորեան հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների վերսկսման հնարավորության մասին: Իրանը եւս պնդում է, որ մշակել է նոր բալիստիկ հրթիռներ:
Ներկա վտանգների պայմաններում նախագահ Թրամփի վարչակազմն ընդլայնել է հակահրթիռային պաշտպանությունը: Այսօր գործում է 44 ցամաքային համակարգ, որոնք հիմնականում տեղակայված են Ալասկայում: ԱՄՆ-ի Aegis, THAAD եւ Patriot համակարգերը եւս նախատեսված են միջին հեռավորության հրթիռները ոչնչացնելու համար: Այնուամենայնիվ, վերլուծաբաններին անհանգստացնում է հակահրթիռային պաշտպանության ոլորտի ֆինանսավորման որոշակի կրճատումը, որն ըստ նրանց կարող է բացասական անդրադառնալ անվտանգության վրա:
«ԱՄՆ-ի կառավարությանն անհրաժեշտ է ընդլայնել հակահրթիռային պաշտպանությունը, ներառյալ փորձարկումները եւ հակահրթիռային համակարգերի ավելացումը», - Hudson Institute հաստատության փորձագետ Ռեբեկա Հեյնռիչսի կարծիքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է նաեւ ներդրումներ կատարել տիեզերքում լազերային տեխնոլոգիաների զարգացման մեջ:
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբուի կարծիքով, մտահոգություն է առաջացնում նաեւ հակաօդային պաշտպանության կենտրոնացումը Հյուսիսային Կորեայի վրա՝ դուրս թողնելով Մերձավոր Արեւելքը.
«Մենք դաշնակիցներ ունենք թե՛ Պարսից ծոցում եւ թե՛ Ասիայում եւ պետք է պաշտպանենք նրանց»: