Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվող որոշ դետալների վերաբերյալ կառավարությունում շատ երկար քննարկումներ են եղել։ ՀՀ փոչվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ խորհրդարանում դրանք նույնպես կշարունակվեն, սակայն իրենք կհանգեն կոնսենսուսային որոշումների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բավականին ծավալուն է: Այդ փաթեթում շատ հարցեր են արծարծվում: Հետևապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են: Այն արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ, և, կարծում եմ, այդ քննարկումները կշարունակվեն այնտեղ»,- նշեց Ավինյանը:
Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ-պատգամավորներից ոմանք թերություններ և բացեր են նկատում նախագծում՝ Ավինյանն ասաց, որ փաթեթը շատ մեծ է: Եվ բազմաթիվ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել: «Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումների կգանք»,-ասաց փոխվարչապետը:
Անդրադառնալով հարցին՝ թե իր կարծիքով դա հեղափոխակա՞ն Հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց. «Սա Հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից: Համոզված եմ, որ տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու»,-եզրափակեց փոխվարչապետը: