Մատչելի հղումներ

Բորիս Տիտովը հայտնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայ-ռուսական գործարար համաժողով անցկացնելու պայմանավորվածության մասին


Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին նախնական պայմանավորվել են հայ-ռուսական գործարար համաժողով անցկացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիտովն այս մասին հայտնեց Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամուրջի ընթացքում:

«Մենք այդ հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել, դա մեր առաջին հանդիպումն էր և մեզ հետաքրքրիր էր, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ կարծիք ունի տնտեսական հարցերի վերաբերյալ: Մենք նաև խոսել ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության մասին, և քննարկվել է հայ-ռուսական գործարար համաժողով կազմակերպելու մասին հարց: Նման ֆորում անցկացնելու գաղափարը հետաքրքիր է, սակայն այն դեռ նախնական է, և ժամկետներ չեն ֆիքսվել»,-ասաց Տիտովը։

Նա շեշտեց, որ երկու երկրները տնտեսական ոլորտում ևս լավ հարաբերություններ ունեն: Տիտովը հույս հայտնեց, որ համաժողովը կկայանա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ հանդիպել էր հունվարի 23-ին Դավոսում: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել էր հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը:

XS
SM
MD
LG