Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսի 8-ից: 2018թ. հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց, ապա խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելու հիմքով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներով ԱԺ-ում առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88 պատգամավորով, որն էլ առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում:

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի (Վարչապետի ընտրությունը և նշանակումը) առաջին կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

XS
SM
MD
LG