Մատչելի հղումներ

Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական խմբակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ թուրքերեն, ապա նաև հայերեն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ունեցած հաջողության առիթով:

Փայլանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, մասնավորապես, ասված է. - «Անցած շաբաթ հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան: Ապրիլ ամսին իրականացված թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու ընկերները, այս ընտրություններում ստանալով 70 տոկոս ձայն, կարևոր հաջողություն գրանցեցին: Այս կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովից շնորհավորում եմ ժողովրդավարական ընտրությունները հաջողությամբ անցկացրած Հայաստանի ժողովուրդին, Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը՝ հայազգի պատգամավորը թուրքական իշխանություններին համարժեք արձագանքելու կոչ է արել:

«Ես կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և երկրի նախագահին կառուցողական պատասխան տալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը: Հավատում եմ, որ չկա մի հարց, որը հնարավոր չէ խաղաղ ճանապարհով լուծել 25 տարի Թուրքիայի հետ փակ սահման ունեցող հարևան Հայաստանի հետ: Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է Փայլանը՝ խոսքն ավարտելով հայերեն բարեմաղթանքով:

XS
SM
MD
LG