Մատչելի հղումներ

Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները»․ ԱԳՆ


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը՝ ընդգծելով, որ միլանյան հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները»:

«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի այսօրվա հայտարարության մեջ:

Նաղդալյանը եզրափակել է․ - «Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ո՛չ կոնֆրոնտացիոն, ո՛չ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», - ըստ «Ինտերֆաքսի» Բաքվում՝ դիվանագիտական կորպուսի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Մամեդյարովը:

Նա նաև նշել է, որ 2019թ․-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ՝ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։

Մնացականյանն ու Մամեդյարովը Միլանում հանդիպել էին դեկտեմբերի 5-ին։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ՝ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»:

Մինչ միլանյան հանդիպումը Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել էին ևս երկու անգամ՝ սեպտեմբերին` Նյու Յորքում ու հուլիսին՝ Բրյուսելում։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «չհիմնավորված լավատեսություն» որակեց Մամեդյարովի հայտարարությունը:

«Ես զուգահեռ եմ անցկացնում 2015 թվականի աշնանից տեղի ունեցածի հետ, երբ նույնպիսի անհասկանալի լավատեսություն սկսեց արտահայտել Ադրբեջանի արտգործնախարարը, ով պնդում էր, թե Ռուսաստանի նախագահը շատ կոնկրետ առաջարկներով է եկել: Խոսքը վերաբերում էր Լավրովի պլանին: Մենք հիշում ենք, թե դրանից հետո ինչ զարգացումներ տեղի ունեցան: Կարծեք թե Ադրբեջանի համար սա արդեն իսկ գործադրված հնարք է՝ արտահայտել լավատեսություն, հետագայում արդեն դրան հաջորդում է հիասթափության բեմադրությունը, թե՝ ինքը պատրաստ էր և հայկական կողմն է, որ տորպեդահարում է բանակցային գործընթացը և դա իր համար դառնում է հիմք՝ դիմելու ռազմական արկածախնդրության», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Սաֆարյանը:

XS
SM
MD
LG