Մատչելի հղումներ

Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում


Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այն ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել և ունենում Հայաստանի Հանրապետությունում, չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում, որոնք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ: Այդ մասին վկայում են քաղաքական փոխազդեցության ինտենսիվությունը` ներառյալ բարձր մակարդակի երկխոսությունը և առևտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվ շարունակական զարգացումը»,- ասաց Կոպիրկինը:

Նրա խոսքով` անցնող տարին Հայաստանի համար յուրահատուկ էր և բովանդակալից: «Հայաստանը իր զարգացման նոր փուլում է գտնվում, և ես կցանկանայի այս կապակցությամբ մաղթել մեր եղբայրական ժողովրդին, որ այս փուլը բերի կայունություն, բարգավաճում և այն խնդիրների լուծում, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նոր խորհրդարանին, ձևավորվող կառավարությանը, որ նրանք խնդիրների լուծման հարցում լինեն բարձունքում»,- ընդգծեց Կոպիրկինը:

Դեսպանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում և,բնականաբար, տրամադրված է իրենից կախված ամեն բան անելու, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները՝ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն շատ խորը պատմական արմատներ, ամրապնդվեն և զարգանան:

XS
SM
MD
LG