Մատչելի հղումներ

Միջազգային համաներում կազմակերպությունը հրապարակել է Իրանում կորած ու սպանված անձանց մասին զեկույց


Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Իրանին՝ 3Օ տարի առաջ քաղաքական հազարավոր բանտարկյալների սպանությունների եւ զանգվածային գերեզմանները թաքցնելու համար։ Կազմակերպությունը հորդորում է, որ ՄԱԿ-ը սկսի 1988 թվականին Իրանում կորած անձանց հարցով հետաքննություն։

Աբդոլլար Սեիդ-Մորադիի եղբայր Ջաբարը իրանական բանից կորել է 1988 թվականին։ Նրա ծնողները տարիներ են անցկացրել պատասխաններ գտնելու համար։ Աբդոլահն ասում է, թե ինքը հիմա էլ հույս ունի, որ եղբայրը դեռեւս ողջ է։

Ջաբարը այն 5 հազար անձանցից մեկն է, որոնք լինելով երիտասարդ քաղաքական ակտիվիստներ, անհետ կորել էին 1988-ին կամ սպանվել։ Այս մասին ասված է Amnesty International-ի զեկույցում։

Մի քանի հարյուր փաստաթղթեր ուսումնասիրելուց եւ մարդկանց հետ զրուցելուց հետո մարդու իրավունքների պաշտպան այս կազմակերպությունը մանրամասներ է պարզել քաղաքական ակտիվիստներին ձերբակալելու եւ սպանելու այն ժամանակվա հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի կողմից արձակված հրամանների մասին։

Նրանց մեծ մասը Ժողովրդի մոջահեդին կազմակերպության անդամներ էին։ Իրաքում արգելված այս խմբավորումն էր, որը 1988 թվականին զինված ներխուժում իրականացրեց Իրան։ Դրան հաջորդած շաբաթների ընթացքում վարչակարգը, ըստ Միջազգային համաներում կազմակերպության զեկույցի, փորձել է ոչնչացնել ընդդիմությանը զանգվածային սպանությունների եղանակով։

Ինչպես կազմակերպության ղեկավարներից Կումի Նաիդուն է ասում, այս մարդկանց անհետացման ու սպանությունների մեջ ներքաշված պաշտոնատար անձանցից ոմանք այսօր էլ շարունակում են պաշտոններ զբաղեցնել Իրանում։

Ըստ Amnesty International կազմակերպության, մարդկանց զանգվածային անհետացումներն ու սպանություններն Իրանում համարվում են հանցագործություն՝ ընդդեմ մարդկության։ Այն Իրանի ներկա իշխանություններին ու ՄԱԿ-ին է դիմում հետաքննություն սկսելու կոչով, որպեսզի, ասված է զեկույցում, այս գործն ի վերջո փակվի՝ երկար սպասված արդարությունը հաստատելու եղանակով։

XS
SM
MD
LG