Մատչելի հղումներ

Հայ ընտանիքների պատմությունների թանգարան ԱՄՆ-ում


Սա հատուկ թանգարան է, թանգարան, որի նմուշները ներկայացնում են ոչ միայն արվեստի եւ պատմական արժեք այլեւ՝ մարդկային ճակատագրերի լուռ պահապաններ են, պատմում է Ամերիկայի հայկական թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը.

«Ամերիկայի հայկական թանգարանը եզակի հաստատություն է, քանի որ այստեղ պահպանվող նմուշները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել հիմնականում ցեղասպանությունը վերապրած ընտանիքների կողմից եւ դրանք պատմում են այդ ընտանիքների պատմությունները»:

Թանգարանի նմուշները եզակի են ՝ յուրաքանչյուրն իր ուրույն անցյալով, պատմում է թանգարանի աշխատակից Բերջ Չեքիջյանը: Նմուշներից մեկը 1735 թվականի հսկայական եկեղեցական սկուտեղն է, որը օգտագործվում էր Սիսի հայ կաթողիկոսարանում: Սկուտեղը եզակի նմուշ է՝ հայերեն փորագրված աղոթքների հետ միասին դրա վրա պատկերված է Հիսուսը 12 առաքյալներով:

«Ջարդերի ժամանակ երիտասարդ մի տղա այն իր ուսերի վրա Սիսից, Կիլիկիայից տարել հասցրել է մինչեւ Սիրիա: Մոտ երկու շաբաթ իր ուսերի վրա տարել, փրկել է կործանումից», - պատմում է Չեքիջյանը:

Ցեղասպանության մասին պատմող նմուշների պատմությունները միշտ չէ, որ հաջող ավարտ ունեն: Թանգարանի առանձին հատվածում ստեղծված է նմուշների հավաքածու, որը ներկայացնում է Դեր Զոր անապատի պատկերը՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Այստեղ յուրաքանչյուրը չէ, որ կհամարձակվի մտնել:

Այստեղ է Դեր Զորի անապատում մահացած հայ երիտասարդ տղայի տարազը եւ մարդկային մասունքներ, որոնք թանգարանին էին փոխանցվել ամերիկյան միսիոներների կողմից: Այստեղ է նաեւ ժողովրդի արժեքները խորհրդանշող ավետարանը, որը փախչող հայերը փորձում էին փրկել:

«Այս Ավետարանը իր հետ մինչեւ Դեր Զորի անապատ է հասցրել մի հայ կին, ով զոհվել է անապատում, սակայն նրա կողմից փրկված ավետարանը պահպանվել է»:

Տարիներ անց այս ավետարանը գտել, տեղափոխել են Հալեպ, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ փոխանցել են Ամերիկայի հայկական թանգարանին:

«Ամեն ինչ, ինչ ունենք այստեղ, ջարդերից ազատված մեր պատմության նմուշներ են, որ կապում են մեզ մեր անցյալի հետ», - նշում է թանգարանի աշխատակիցը:

Ամերիկայի հայկական թանգարանն ունի ԱՄՆ-ում հայկական գորգերի, արվեստի ու արհեստի գործերի ամենահարուստ հավաքածուն: Հայկական ավանդական սպասքից մինչեւ «Դոկտոր Մահ» Ջեք Գեւորգյանի վրձնի կտավներ, Մարաշի գորգերից մինչեւ Ուրարտուի մետաղադրամ, եզակի փաստաթղթերից մինչեւ Յուզուֆ Քարշի լուսանկարներ: Թանգարանի կենտրոնական նմուշներից է 1207 թվականի մագաղաթե ձեռագիր Նոր Կտակարանը:

«Այս ձեռագիր ավետարանը պատրաստված էր մեկ ընտանիքի համար»:

Ջարդերի օրերին ամբողջ ընտանիքից ողջ են մնում միայն երկու հոգի՝ այդ ժամանակ թուրքական բանակում ծառայող մի բժիշկ ու մի երիտասարդ, ով մինչեւ ջարդերը Նյու Յորք էր տեղափոխվել:

«Թուրքերն այս գիրքը վերցնում են, բայց չեն ոչնչացնում, քանի որ հավատում էին, որ եթե վրան հացի կտոր դնեն եւ ուտեն՝ կբուժվեն, եւ կամ եթե իրենց շապիկը վրան դնեն եւ հագնեն՝ նույնպես կբուժվեն: Իսկ պատերազմի ավարտին բժշկին հաջողվում է գումարի դիմաց վերադարձնել այն ավետարանը ձեռքին բժիշկը այնուհետեւ տեղափոխվում է Մարսել»:

1930-ականներին բժիշկը Ֆրանսիայից նամակ է ուղարկում Նյու Յորքում բնակվող եղբորորդուն, կանչելով նրան Ֆրանսիա, հավելելով, որ անակնկալ ունի:

«Պարզվում է, եղբորորդու համար հարսնացու է գտել իրենց հայրենի գյուղից, նա գիրքը փոխանցում է նրանց »:

Միացյալ Նահանգներում տղայի զավակներն արդեն փոխանցում են մագաղաթե մատյանը թանգարան:

«Այսպես, մենք եղանք 40-րդ սերունդը, որ պահում ենք այս գիրքը», - ավելացնում է Բերջ Չեքիջյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG