Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցականները քննարկում են եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը


ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցականները Բալթիմորում շարունակում են քննարկել եկեղեցիներում սեռական ոտնձգությունները բացառելու հարցը: Ժողովը նախագահող կարդինալ Դենիել ԴիՆարդոյի խոսքով, առաջարկվող միջոցների շուրջ քվեարկությունը սակայն հետաձգվել է.

«Սակայն, մենք վճռական ենք այս խնդիրը լուծելու վերաբերյալ եւ շարունակելու ենք աշխատանքը»:

Կաթոլիկ ժողովի հետ միաժամանակ Բալթիմորում անցնում է եկեղեցականների կողմից սեռական ոտնձգությունների դեմ ուղղված բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում են, որ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների հարցը բարձրացվի ամենաբարձր մակարդակով, իսկ մեղավորները չխուսափեն պատասխանատվությունից: «Վերջ եկեղեցականների բռնությանը» կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Այսլին ասում է՝ հարցը պետք է քննարկվի Հռոմում.

«Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր: Այստեղ են մեր կաթոլիկ առաջնորդները, ովքեր կոծկել էին հանցանքները: Նրանք պետք է պատասխանատվություն ստանձնեն»:

Բողոքարարներին հատկապես զայրեցրել էր եկեղեցականների որոշումը հետաձգել սեռական բռնությունների դեմ հատուկ միջոցների կիրառման ընդունումը, որով նախատեսվում էր Կաթոլիկ եկեղեցու ներսում նման մեղադրանքները հետաքննող հատուկ մարմին ստեղծել՝ աշխարհիկ փորձագետների ներգրավմամբ:

Զսպելով բողոքը՝ եկեղեցականները խոստացել են այնուամենայնիվ ընդունել հատուկ միջոցներ:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք: Բոլոր եկեղեցականները, որոնց հետ ես զրուցել եմ, պատրաստ են այս հարցի ընդունմանը», - նշել է Կարդինալ ԴիՆարդոն:

Կաթոլիկ եկեղեցականների կողմից սեռական ոտնձգությունների հարցը պարբերաբար քննարկվում էր, սակայն հատկապես սրվեց հուլիսին, երբ Հռոմի պապը հեռացրեց ԱՄՆ-ի Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Թեոդոր ՄքՔարիքին, ում մեղադրել էին 1970-ականներին անչափահաս տղայի նկատմամբ եկեղեցում սեռական ոտնձգությունների մեջ: Մեղադրանքներ, որոնք այնուհետեւ ապացուցվել էին: Ընդհանուր առմամբ, Փենսիլվանիայում բազմաթիվ մեղադրանքներից հետո սկսված հետաքննությունը պարզել էր, որ անցած տարիների ընթացքում շուրջ 300 եկեղեցական սեռական ոտնձգություններ են կատարել ավելի քան 1000 երեխաների նկատմամբ:

Բալթիմորում հավաքված ցուցարարները սակայն հույս ունեն, որ խնդրին վերջնական լուծում կտրվի.

«Այս մարդկանց մեծ մասը լավ մարդիկ են, այդ պատճառով մեր բողոքը խաղաղ է: Մենք աղոթում ենք Սուրբ Հոգուն, որպեսզի նրանց ուժ տա, որ մենք էլ տեսնենք առաջիկա ուղին», ասում է ցուցարար Մերի Էլեն Դոնելին:

Facebook Forum

XS
SM
MD
LG