Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության հետ


Լիբանանում ընթանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Լիբանանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ընդունել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին:

Փաշինյանն ու Հարիրին նշել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացման կարևորությունը: Նրանք կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացման անհրաժեշտությունը: Հայկական կողմն առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան:

Երկրների ղեկավարները քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխհամագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ, որին նպաստել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային կառույցներում հայ-լիբանանյան արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:

Հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման հարցում:

Զրուցակիցները կարևորել են լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրները կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ: Փաշինյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով Ցեղասպանության հանցագործության դատապարտմանը: Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը և բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք, և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG