Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ապօրինի ներգաղթյալներն անհանգիստ սպասում են ընտրությունների արդյունքներին


Հուան Ուլիս Հուարեզը դրիմեր է՝ նա ապօրինի ԱՄՆ էր ժամանել 10 տարեկանում, այնուհետեւ կրթաթոշակ ստացել, ավարտել համալսարանը, հեռուստալրագրող դարձել: 2017-ին նա շահեց Էմմի մրցանակ:

«Իրականում ես անփաստաթուղթ ներգաղթյալ եմ, դրիմեր եմ, եւ սա ինձ համար հատուկ նշանակություն ունի», - նշել էր Հուան Ուլիսը Էմմի մրցանակ ստանալիս:

«Երբ ստացա Էմմի մրցանակը, ցանկացա նշել դա իմ ելույթում, ցանկացա, կանգնել բոլոր հավաքվածների առջեւ, որ ահա ես, ահա թե ինչ է հնարավոր անել, երբ DACA-ի շնորհիվ աշխատելու հնարավորություն ունես»:

DACA ծրագիրը նախագահ Օբամայի 2012-ի նախաձեռնությունն էր, որը ժամանակավորապես թույլ էր տալիս անչափահաս տարիքում ապօրինի ԱՄՆ ներգաղթած 700,000 անձանց աշխատել եւ ապրել Միացյալ Նահանգներում:

2017-ի սեպտեմբերին նախագահ Թրամփը դադարեցրեց ծրագիրը՝ պահանջելով Կոնգրեսից խնդրին մշտական որոշում տալ: Ավելի քան մեկ տարի անց Հուարեսի նման հարյուր հազարավոր երիտասարդներ դեռեւս սպասում են խնդրի լուծմանը:

«Մեր խնդրի մասին բոլորը մոռացել են: Միշտ այլ խնդիրներ են ծագում, որոնք առաջնահերթ են դառնում, իսկ մեր մասին մոռացել են՝ թողնելով մեզ դատարանների որոշումների հույսին: Սակայն, ոչինչ չի արվում», - ասում է երիտասարդը:

Նեվադայում բնակվում է DACA ծրագրի 13,000 մասնակից, որոնցից յուրաքանչյուրն անհանգստությամբ հետեւում է նոյեմբերի 6-ին սպասվող ընտրություններին: Նրանց մեծ մասը լատինաամերիկյան արմատներ ունեն, ու թեեւ հենց նրանք չունեն ընտրելու իրավունք, Նեվադա նահանգի ընտրելու իրավունք ունեցող բնակչության գրեթե մեկ երրորդը լատինաամերիկյան արմատներով քաղաքացիներ են:

«Դա վերաբերում է մարդկանց ընտանիքներին, հարեւաններին, ընկերներին: Նույնիսկ նրանք, ում կյանքն այս որոշումից ուղղակիորեն չի փոխվելու, ունեն հարազատ մարդիկ, ում վրա որոշումները կարող են ազդել», - ասում է MI FAMILIA VOTA կազմակերպության նահանգային տնօրեն Ալիշա Քոնթրերասը:

Դրիմերներն իրենց կողմից փորձում են ընտրությունների նախօրեին հիշեցնել հանրությանն իրենց խնդիրների մասին:

«Ինձ հաճախ են ասել, որ իմ ձայնը հաշվի չեն առնում, ուստի ես փորձում եմ համոզել ընկերներիս միանալ ինձ եւ միասին փոփոխություններ նախաձեռնել», - ասում է DACA ծրագրի մասնակից Անջելիա Ռիկոն:

Facebook Forum

XS
SM
MD
LG