Մատչելի հղումներ

Համաշխարհային մրցունակության 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը


Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը:

Մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը և Գերմանիան, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան, 5-րդը՝ Ճապոնիան՝ 82.5 միավոր:

Մրցունակությունը գնահատվում է 12 հիմնական չափանիշների վերլուծության հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների:

Հայաստանում նշանակալի առաջընթաց է նկատվել տեխնոլոգիական պատրաստվածության, առողջապահության, կրթության, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության և նորարարական կարողությունների մակարդակները բնութագրող ցուցանիշների մասով: Հետընթաց է արձանագրվել միայն մակրոտնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների ուղղությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ Մրցունակության համաշխարհային ինդեքսում Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը, այնուամենայնիվ դեռ շարունակում է հետ մնալ տարածաշրջանի երկրներից:

XS
SM
MD
LG