Մատչելի հղումներ

Միջազգային կառույցները Հայաստանում 6% տնտեսական աճ են կանխատեսում


Հայաստանի տնտեսությունը 2018-ին աճելու է 6 տոկոսով: Աճի նման տեմպեր կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Երեքշաբթի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման զեկույցում նշված է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է թե՛ տնտեսական աճի սպասվող տեմպերով եւ թե՛ բարձր գործազրկությամբ:

2018-ին հարեւան Վրաստանում նախատեսվում է 5.5 իսկ Ադրբեջանում եւ Ռուսաստանում երկու տոկոսից ցածր տնտեսական աճ: 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կարող է փոքր-ինչ նվազել, հասնելով 4.8 տոկոսի: Միեւնույն ժամանակ, գնաճը Հայաստանում 2018-ին կազմելու է 3 իսկ 2019-ին 4.4 տոկոս: Գործազրկությունը Հայաստանում մնալու է 18 տոկոսից բարձր, մինչդեռ Ադրբեջանում ու Ռուսաստանում այն կկազմի 5 տոկոս, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Ներկայացնելով զեկույցը, կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծում է, որ տնտեսական զարգացմանն աշխարհում խոչընդոտում են առեւտրային պատերազմները.

«Միշտ ասել ենք՝ առեւտրային սակագները տնտեսական աճը խոչընդոտող հանգամանք են: Հույս ունենք՝ բոլոր խաղացողները սեղանի շուրջ կհավաքվեն եւ կբարելավեն առեւտրի պայմանները»:

Դանդաղ տնտեսական աճի պատճառներից է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը, որի հետեւանքով ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական աճը 2019-ին դանդաղելու է 0.2 տոկոսով, իսկ համաշխարհային տնտեսական աճի մակարդակը կազմելու է 3.7 տոկոս:

Փորձագետների խոսքով սակայն, ընդհանուր բարենպաստ տնտեսական պայմաններում, առեւտրային պատերազմները ներդրողներին լուրջ անհանգստություն չեն պատճառում:

«Նույնիսկ սուր առեւտրային պատերազմի դեպքում կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսության աճը մնալու է 3 տոկոսի սահմաններում: Ուստի, մեզ Դոնալդ Թրամփի գործողությունները Չինաստանի նկատմամբ չեն անհանգստացնում, չնայած, որ վատ չէր լինի խնդրի լուծում գտնվեր», - նշում է CHARLES STANLEY-ի վերլուծաբան Գարրի Ուայթը:

Նախագահ Թրամփը ԱՄՆ ներմուծվող չինական արտադրության մի շարք ապրանքների նկատմամբ սակագներ է սահմանել, որի նպատակն է պաշտպանել եւ խթանել ամերիկյան արտադրությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG