Մատչելի հղումներ

Որպեսզի հանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, այդ հանդիպումը պետք է բովանդակություն ունենա․ ԱԳՆ խոսնակ


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, թե որպեսզի հանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, պետք է այդ հանդիպումը բովանդակություն ունենա և չլինի ինքնապատակ:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում նախատեսված հանդիպումից ժամեր առաջ Բալայանը ընդգծեց՝ Զոհրաբ Մնացականյանը բարձրացնելու է այս հարցը Էլմար Մամեդյարովի առջև․ - «Որպեսզի հանդիպեն երկու երկրների ղեկավարները, տվյալ դեպքում մեր վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ապա այդ հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, դա պետք է ունենա բովանդակություն: Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ․ ինչպես ենք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ է կանգնում: Այո, Փաշինյանը շեշտել է, և սա առաջին անգամը չէ, ուղղակի առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է շեշտել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Բալայանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ու թվաքանակի ավելացմանը, ինչի իրականացմանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել․ - «2016 թվականից մինչ օրս Ադրբեջանի կողմից արգելափակվում է: Ասենք, ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի ավելացնելու ֆինանսավորումը գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի, Ադրբեջանը միակ երկիրն է, որը արգելափակում է այս որոշման կայացումը: Խոսքը վերաբերում է այդ պայմանավորվածություններին, և, այո, մենք կարծում ենք, դա մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Կարծում եմ, որ այս հարցերը մեր կողմից դրվելու են այսօր Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը»:

ԱԳՆ մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ քննարկումները դաշինքի այլ անդամ-երկրների հետ շարունակվում են:

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք:

«Եթե որոշվեն, հստակություն մտցվի սկզբունքների, ժամկետների վերաբերյալ, պարզ է, որ մենք էլ առաջ կքաշենք մեր դիրքորոշումը, մեր տեսակետը և, ինչու չէ, մեր թեկնածությունը: Բայց դեռ հստակություն չկա, որովհետև կանոնադրությամբ ամրագրված է, որ պետք է փոփոխվի՝ այբբենական կարգով և այլն․․․ բայց նման իրավիճակ, որ ժամկետից շուտ գլխավոր քարտուղարը հետ կանչվի, դեռևս տեղի չի ունեցել, նախադեպ չկա: Եվ հիմա քննարկումները հենց կենտրոնացած են այդ հանգամանքի վրա, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տվյալ դեպքում ռոտացիան», - փոխանցեց Բալայանը:

Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորության հարցին․ - «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը դիտորդի կարգավիճակով, այս պահի դրությամբ դա պարզապես հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին: Հետևաբար նման քննարկում թե՛ ստորին մակարդակով, թե՛ բարձր մակարդակով, այս պահի դրությամբ չի եղել: Եվ նորից հիշեցնեմ, որ որոշումները ընդունվում են այդ կազմակերպություններում կոնսենսուսի հիման վրա»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղարը նաև նշեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, ևս հարյուրից ավելի դիվանագիտական անձնագիր վերադարձվել է:

XS
SM
MD
LG