Մատչելի հղումներ

Վերլուծաբան՝ Պուտինին անհանգստացնում է հարեւանությամբ կատարված ցանկացած իշխանափոխություն


Առցանց ապատեղեկատվական քարոզչությունը հարվածում է թիրախավորված հասարակության համար առավել ցավոտ տեղերին, նշել են ամերիկյան փորձագետները՝ Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում:

Սակայն, ապատեղեկատվական քարոզչության նպատակներն ավելի նուրբ են, քան կարող է թվալ առաջին հայացքից. հասարակությունն այնքան դյուրահավատ չէ, որպեսզի հավատա տարածվող ապատեղեկատվությանը, սակայն, ապատեղեկատվական քարոզարշավի միջոցով հնարավոր է փոխել օրակարգը, առաջ քաշելով հարցեր, որոնք հասարակությունը չեր նախատեսում քննարկել:

«Թրոլներն այսպիսով փորձում են ներգրավվել մարդկանց քննարկման մեջ այն հարցերի շուրջ, որոնք ձեռնտու են այդ թրոլների պատվիրատուներին», - որպես օրինակ Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի դասախոս Սաիփ Սավաջը նշում է ռուսական թրոլներին, որոնք ռասայական խնդիրը խաղարկելով փորձում են միմյանց դեմ լարել ամերիկյան հասարակության տարբեր հատվածներ:

«Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանում գործում են թրոլների ֆերմաներ, որ Ռուսաստանի կառավարությունն աջակցում է դրանց», - վերլուծաբան Ջեֆ Մանքոֆի կարծիքով, թրոլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանց պատվիրատուների իրական նպատակները:

Վլադիմիր Պուտինի դեպքում դա իր իշխանության պահպանումն ու երկրի ներսում հնարավոր իշխանափոխության կասեցումն է, ինչի պատճառով Մոսկվային անհանգստացնում են նաեւ իշխանափոխությունները հարեւան երկրներում, նշում է Պրահայում տեղակայված «Եվրոպական Արժեքներ» կազմակերպության ղեկավար Յակուբ Յանդան.

«Այդ պատճառով Պուտինը հավատացած է, որ պետք է Ռուսաստանի շուրջ բուֆերային գոտի ունենա, որի երկրները իր ազդեցության տակ գտնվեն»:

Փորձագետի խոսքով, վերջին շրջանում նկատվում է Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունն՝ առցանց ապատեղեկատվական քարոզչություն իրականացնելու ոլորտում:

«Ռուսաստանն ու Չինաստանը Արեւմուտքում հաճախ նույն քաղաքական ուժերի օգտին են գործում, նույն գործիչներին սատարում: Որոշ երկրներում, օրինակ՝ Հունգարիայում կամ Չեխիայում, դա անթաքույց է արվում»:

Վերլուծաբանները հիշեցնում են առցանց ապատեղեկատվական քարոզարշավների վտանգը հատկապես նախընտրական շրջանում, քանի որ Ռուսաստանը մի շարք երկրներում արդեն իսկ իր թրոլների եւ ապատեղեկատվության միջոցով փորձել է իշխանության բերել իր ազդեցության տակ գտնվող ուժերին:

«Մենք պետք է թույլ չտանք, որ մեր լիբերալ արժեքները, խոսքի ազատությունն օգտագործվեն հենց մեր դեմ», - նշում է Թեքսասի համալսարանի վերլուծաբան Ջոշուա Էյսենմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG