Արտասահմանյան առաջատար բուհեր ընդունված ուսանողները, ովքեր դիմել էին «Լույս» հիմնադրամի 2018-2019 թթ. կրթաթոշակի ծրագրին, առաջին տարվա ուսման վարձավճարի փոխհատուցում կստանան «Իմ քայլը» հիմնադրամի կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծողն է: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված դիմորդները, որոնց թոշակների խնդիրը հիմնադրամի գործունեության դադարի պատճառով մնացել էին օդում կախված, ֆինանսավորում կստանան իրենց կողմից գտնված բարերարների աջակցությամբ: «Մոտ երկու-երեք շաբաթ առաջ բաց նամակ ստացանք Մարիամի (արտասահմանյան համալսարան ընդունված ուսանողներից մեկը.- հեղ) գլխավորությամբ, դիմում էին «Իմ քայլը» հիմնադրամին, որ կարողանանք իրենց աջակցել կրթաթոշակի հայթայթման հարցով: Փորձեցինք կամուրջ դառնալ, ուսումնասիրություններ կատարեցինք ու գտանք նաև գործընկերների, ովքեր սիրով մեզ հետ համագործակցեցին, և արդյունքում «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին կարողացանք ապահովել պակասող կրթաթոշակով: Այս սեպտեմբեր-հոկտեմբերից նրանք հաջողությամբ կգնան իրենց դասերին»,-ասաց Աննա Հակոբյանը:
Նա նշեց բարերարների անունները՝ արտահայտելով իր երախտագիտությունը կատարված նվիրատվության համար: Այսպիսով՝ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամից կատարվել է 222 հազար դոլար նվիրատվություն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունից՝ 200 հազար դոլար, Վան Լափոյան կանադահայ գործարարը տրամադրել է 70 հազար դոլար, անանուն բարերարը՝ 20 հազար դոլարի չափով: Արդյունքում հավաքագրվել է 517 հազար դոլար: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իր թիմի անդամներին, ովքեր փոքրաթիվ ուժերով ահռելի աշխատանք են կատարել սեղմ ժամկետներում, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Արսինե Խանջյանին ու Սերժ Թանկյանին, ովքեր մեծ դեր են ունեցել բարերարներ գտնելու հարցում:
Աննա Հակոբյանի տեղեկացմամբ՝ իրենք փորձել են կապ հաստատել «Լույս»-ին Հայաստանից դիմած 24 երիտասարդների հետ, նրանից 4-ն այդպես էլ չեն արձագանքել, 20-ի հետ կապի մեջ են եղել, նրանցից մեկը տարկետում է վերցրել, մեկ ուրիշն էլ հրաժարվել է առաջարկվող օգնությունից, այսպիսով՝ հնարավորությունից օգտվել է 18 ուսանող: «Իմ քայլը» հիմնադրամը հավաքված միջոցներով նաև աջակցություն է ցուցաբերելու արտասահմանյան բուհ ընդունված 4 այլ ուսանողի, ևս 5-ի հարցն այս պահին քննարկվում է: Վարչապետի տիկինը նկատեց, որ իրենք փորձել են գտնել իրավիճակային լուծում, առաջիկայում շահագրգիռ տարբեր կողմերի հետ քննարկելու են այս հարցին հիմնավոր լուծում տալու ուղիները: Եվ չնայած այս պահին փոխհատուցվել է այս տարվա ուսանողների մեկ տարվա վարձավճարը, իրենք ամեն ինչ կանեն, որ այս ուսանողները հաջողությամբ ավարտեն իրենց ուսումը:
Այսօր երկու կրթաթոշակառուի և հիմնադրամի միջև կնքվեցին խորհրդանշական պայմանագրեր, մյուս շահառուների հետ ևս նույն գործընթացը կիրականացվի: Աննա Հակոբյանը, սակայն, լիահույս է, որ անկախ պայմանագրի առկայությունից, արտերկիր մեկնող ուսանողների կապը հայրենիքի հետ այնքան սերտ ու ամուր է, որ նրանք ուսում ստանալուց հետո մեծ գիտելիքներով վերազինված կվերադառնան ու այն կծառայեցնեն իրենց երկրին ու ժողովրդին: