Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը հստակեցնում է դիրքորոշումը Պուտինի հետ ասուլիսից հետո


Նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է մնացել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից: Իր թվիթերում Թրամփը գրել է, որ Պուտինի հետ հանդիպումն ավելի լավն էր քան նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցությունները:

Հանդիպմանը հետեւած ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփի հայտարարությունները սակայն ոմանց կարծիքով կասկածի տակ դրեցին ԱՄՆ-ի նախագահի վստահությունը սեփական հատուկ ծառայությունների նկատմամբ: Գագաթաժողովի հաջորդ օրը արդեն Վաշինգտոնում նախագահ Թրամփը ստիպված էր հստակեցնել Հելսինկիում հնչած իր հայտարարությունները.

«Ես լիարժեք վստահություն ունեմ Ամերիկայի հզոր հետախուզական գործակալությունների նկատմամբ: Միշտ ունեցել եմ: Ու չնայած Ռուսաստանի գործողությունները որեւէ կերպ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ես պարզ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր հատուկ ծառայությունների եզրակացությունը, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ընտրություններին»:

Անհրաժեշտ է նշել, որ ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփը պնդում էր, որ 2016-ի ընտրությունների ընթացքում չի եղել որեւէ համագործակցություն իր նախընտրական թիմի եւ Ռուսաստանի միջեւ, մինչդեռ Վլադիմիր Պուտինը պնդում էր, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Այսպիսով, Թրամփի «no collusion»՝ ոչ մի պայմանավորվածություն եւ Պուտինի «no meddling»՝ ոչ մի միջամտություն արտահայտությունները տարբեր իմաստներ էին պարունակում:

Սակայն, Թրամփի խոսքերը, որ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ միջամտություն չի եղել, զայրացրել էին ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությանը:

«Անմիտ եւ վտանգավոր է, երբ Միացյալ Նահանգների նախագահն աջակցում է նախագահ Պուտինին, ընդդիմանալով ամերիկյան իրավապահներին, ամերիկյան զինվորականներին եւ ամերիկյան հետախուզական գործակալություններին», - նշել է Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար սենատոր Չաք Շումերը:

Անհանգստացած են նաեւ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները, որոնցից մի քանիսի կարծիքով, աջակցելով Վլադիմիր Պուտինին նախագահ Թրամփը հեռանում է ժողովրդավարության արժեքներից:

«ԱՄՆ-ի նախագահը փորձում է հրահրել, կիսել Եվրամիությունը: Նա մեզ հիշատակում է ինչպես թշնամիների եւ դա սխալ է», - նշում է Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Մայքլ Ռոթը:

Կողմերին փորձեց հաշտեցնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավար Փոլ Ռայնը, ով ընդգծեց, որ Կոնգրեսում անցած հետաքննությունն ապացուցել է՝ Ռուսական միջամտություն 2016-ին եղել է:

«Մենք կանգնած ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների եւ բոլոր այն երկրների կողքին, որոնք դիմակայում են ռուսական ագրեսիային: Վլադիմիր Պուտինը չի կիսում մեր արժեքները»:

Դոնալդ Թրամփը իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված նախնական համաձայնությունները կարող են զգալի բարելավել համաշխարհային անվտանգության մակարդակը՝ խորհուրդ տալով ուշադրությունից բաց չթողնել հանդիպման դրական արդյունքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG