Մատչելի հղումներ

Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գորիսեցիներին վստահեցրեց, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու։ Նա նշեց, որ իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետը հույս հայտնեց, որ այդ հարցում ժողովուրդը կսատարի իրեն ու կառավարությանը։ «Ես ակնկալում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում «բեսպրեդելի» վերջը տանք ու արմատախիլ անենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Երբ հավաքված մարդկանց միջից հնչեցին անձանց անուններ, թե արդյոք նրանք ևս պատասխանատվության կենթարկվեն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քրեական դատավարության մեջ կա այսպիսի սկզբունք, գոյություն ունի անմեղության կանխավարկած, որ մարդն ինքը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն անձի մեղավորությունը։ Ես չեմ ասում այսինչ անձը հանցագործ է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ։ Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից»։

Վարչապետ Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը որևէ մեկից կախվածություն չունի, միայն ժողովրդից։ «Որքան դուք կանգնած լինեք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության հաստատման գործընթացները շարունակվելու են։ Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում ու կարգավիճակում։ Իմ խնդիրը ձեզ ծառայել է, ձեր խնդիրը, որ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,-եզրափակեց պաշտոնյան։

XS
SM
MD
LG