Շուրջ 2000 ապօրինի ներգաղթյալների երեխաների առանձնացրել են ձերբակալված ծնողներից՝ տեղավորելով նրանց, ԱՄՆ-ի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հարմարավետ պայմաններում, ինչպիսին է Թեքսասի վերանորոգված սուպերմարկետներից մեկը, մինչ նրանց ծնողների կարգավիճակի հստակեցումը: Իրավապաշտպանները սակայն, նման քաղաքականությունը սարսափելի են համարում, ասելով, որ գրանցել են մեկ տարեկանից ցածր երեխաներին ապօրինի ներգաղթած ծնողներից բաժանելու դեպքեր:
«Այս քաղաքականության նպատակն է վախեցնել ծնողներին՝ նրանցից երեխաներին խլելով», - նշում է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքից արքեպիսկոպոս Թոմաս Վենսքին:
Նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ապօրինի ներգաղթյալների խնդիրը դիտարկում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, հիշեցնելով, որ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ ԱՄՆ-ում սպանություններ, բռնաբարություններ եւ թալան են իրականացրել.
«Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց մասին հրաշալի եւ փայլուն հոգ է տարվում: Մենք գործում ենք դեմոկրատների ընդունած օրենքով»:
Մասնագետները սակայն պնդում են, որ գործող օրենքը չի պարտադրում առանձնացնել ապօրինի ներգաղթյալների երեխաներին ծնողներից, այլ ընդամենը որոշ դեպքերում, նման հնարավորություն տալիս:
Այժմ Կոնգրեսի ստորին պալատում շրջանառության մեջ է իշխող Հանրապետական կուսակցության կողմից նախաձեռնված օրենքի երկու նախագիծ, որոնք հստակեցում կմտցնեն ապօրինի ներգաղթյալների երեխաների կարգավիճակի, ինչպես նաեւ՝ սահմանային անվտանգության հարցերում:
Facebook Forum