Մատչելի հղումներ

Կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից ևս մեկը


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից ևս մեկը՝ Արթուր Սողոմոնյանը։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխարինել է նրա խափանման միջոցը չհեռանալու ստորագրությամբ և՝ ազատ արձակել դատարանի դահլիճից։

Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ իր վստահորդը «առողջական խնդիրներ ունի, տան միակ կերակրողն է, նորմալ վարքագիծ է դրսևորել, իրավիճակի փոփոխությունից հետո վատ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են, և կարիք չկա նրան պահել կալանքի տակ»։ Դատախազները չեն առարկել։

Արթուր Սողոմոնյանը դարձավ «Սասնա ծռեր» զինված խմբից ազատ արձակված 8-րդ կալանավորը։ Անցած շաբաթվա ընթացքում դատարանների որոշմամբ կալանքից ազատ էին արձակվել գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող խմբի 5 անդամներ՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը և Արամ Հակոբյանը, երեկ դատարանն ազատ արձակեց Սեդրակ Նազարյանին, այսօր ավելի վաղ՝ ՝Արթուր Մելքոնյանին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

XS
SM
MD
LG