Մատչելի հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահի հետ


Կրեմլում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպմանը ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են: Առաջինը, որ ցանկանում եմ ասել այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասել է նախագահ Պուտինը:

Նա նաև ընդգծել է, որ մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: Ըստ ՌԴ նախագահի՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:

«Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք առաջ շարժվել»,- ասել է Պուտինը:

«Արմենպրես»-ի տեղեկությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հատուկ բնույթը և հույս հայտնել, որ դրանք կզարգանան է՛լ ավելի արդյունավետ:

«Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ և այն հանգամանքը, որ մենք 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ, ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը: Սա նաև ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաև հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա են հատուկ հարաբերություններ, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել հատուկ Ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի հատուկ կդառնան: Իհարկե, մեզ համար, Հայաստանի կառավարության համար, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարևոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ փոխշահավետության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա:

«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով: Իհարկե, մենք ունենք դրական և կառուցողական երկխոսության հույս և համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է: Ես շատ ուրախ եմ դրա համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG