Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդ


Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանթա Փաուերն այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցելությունից հետո Փաուերը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առիթով: Շնորհակալություն եմ հայտնում «Ավրորա» նախաձեռնությանն իր նշանակալի հումանիտար նախաձեռնության համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին այն կարևոր աշխատանքի համար, որով ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,- նշել է Փաուերը:

Սամանթա Փաուերը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալով, հանձնաժողովի մյուս անդամների հետ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

Դեսպան Սամանթա Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի 28-րդ մշտական ներկայացուցիչ եւ նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի տեսաբաններից մեկը: Մինչեւ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն:

Նա նաեւ հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: Հաշվի առնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդիկ» եւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

XS
SM
MD
LG