Մատչելի հղումներ

Հայ քույրերի վարժարան. Եզակի հայկական դպրոց ԱՄՆ-ում


Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող Հայ քույրերի վարժարանի մասին ասում են, որ այն պատրաստում է Հայաստանի ապագա դեսպաններին:

Ի տարբերություն ԱՄՆ-ում գործող բազմաթիվ մյուս հայկական դպրոցների, Հայ քույրերի վարժարանը ոչ թե կիրակնօրյա դպրոց է, այլ լիարժեք դպրոց ու մանկապարտեզ, որտեղ երեխաները սովորում են մինչեւ ութերորդ դասարան:

Վարժարանի տնօրեն Քույր Էմմա Մուսսայանի խոսքով, դպրոցում դասավանդում են Մոնթեսորիի մեթոդով.

«Հայ քույրերի վարժարանը որդեգրել է Մոնթեսորիի մոտեցումը, որը մեծ ազատություն է տալիս երեխաներին եւ ինքնավստահություն սովորեցնում»:

Կաթոլիկ կրթությունն աշխարհով մեկ հայտնի է որպես առաջատար, ուստի, Հայ քույրերի վարժարան ԱՄՆ-ում բնակվող հայերի հետ միասին իրենց երեխաներին են բերում նաեւ բոլոր մյուսները: Ավանդական առարկաների հետ միասին այստեղ սովորում են նաեւ Հայոց լեզու եւ Հայ ժողովրդի պատմություն: Իսկ ամենափոքրիկներն այբբենարան են սովորում:
14-ամյա Սարին Մինասյանը Հայաստանում դեռ չի եղել, բայց շատ է լսել եւ կարդացել ու անպայման այցելելու է.

«Ես կուզեմ պատմել բոլոր ընկերներիս, որ Հայաստանը շատ անուշիկ տեղ է, շատ կսիրեմ: Ընկերներ ունեմ, իրենք հայ են, բայց ընկերներ ունեմ նաեւ, որ հայ չեն, իրենց էլ պատմում եմ Հայաստանի մասին»:

Վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Ավետյանի խոսքով, արդեն կես դարից ավելի գործող Հայ քույրերի վարժարանը եզակի ուսումնական հաստատություն է.

«Անցյալ տարի 50-րդ տարեդարձն էր մեր դպրոցի: Մենք հպարտ ենք, որ ունենք այս ուսումնական հաստատությունը, այս դպրոցը Ֆիլադելֆիայում: Այս դպրոցը սովորեցնում է մեր երեխաներին, զարգացնում նրանց միտքը, մարմինն ու ոգին: Այստեղից երեխաները դուրս են գալիս որպես Հայաստանի դեսպաններ՝ քաջ ծանոթ Հայոց պատմությանը, մշակույթին եւ հրաշալի արվեստին»:

Փոքրիկ Ալիկն ինքը մեզ մոտեցավ, երբ նկարահանում էին իր դասարանը, ցանկանալով պատմել, որ սիրում է նկարել եւ պարել: Պարել է սիրում նաեւ չորսամյա Երանը, ում մայրը` Լորիկ Պարոնյանն ինքն էլ այցելել է Հայ քույրերի վարժարան.

«Մեզ համար ամենից կարեւոր է, որ երեխաները հայերեն խոսեն, գրեն, կարդան, որ Հայոց պատմությամբ, հայ մշակույթով ներշնչվեն ու վեր պահեն: Ես, եղբայրս եւ քույրս այս վարժարանի աշակերտներից էինք եւ մեզ համար կարեւոր է, որ մեր զավակներն էլ նույն սերը ունենան իրենց պատմական հայրենիքի հանդեպ»:

Ժամը երեքն է. Հայ քույրերի վարժարանում դասերն ավարտվեցին, երեխաները տուն են վերադառնում, որպեսզի տարածեն Հայոց մշակույթն իրենց ընկերների շրջանում, իսկ վաղն առավոտյան կրկին սկսեն օրը «Հայր մեր»-ից:

Facebook Forum

XS
SM
MD
LG