Մատչելի հղումներ

Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը


Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանել են Ամերիկայի Ձայնի հարցերին քաղաքական բանտարկյալներ ձակերպմանն ու այդ առումով Սասնա Ծռեր խմբի անդմաների գործին

Միջազգային իրավապաշտպան կառույցներն անդրադարձել են Հայաստանում հեղափոխությունից հետո հաճախակի արծարծվող քաղաքական բանտարկյալների ու մասնավորապես ''Սասնա Ծռեր'' խմբի անդամների հետ կապված հարցերին: Ինչպես հայտնի է, վերջիններիս կողմնակիցները նոր ձևավորված իշխանություններից պահանջում են խափանել վերջիններիս ձերբակալման միջոցն ու ազատ արձակել՝ դատական գործընթացին ազատության մեջ մասնակցելու համար, իսկ դատական մարմինները շարունակաբար մերժում են այս առնչությամբ հայցադիմումները:

Միջազգային իրավապաշտպանները նախ անդրադարձել են քաղբանտարկյալ սահմանմանը և արձանագրել, որ իրավական առումով չկա վերջնական սահմանում քաղաքական բանտարկյալներ ձևակերպման մասին:

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Amnesty International-ն օգտագործում է իր սեփական սահմանումը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ»,- ասում է Amnesty International ներկայացուցիչ Լևան Սաթիանին:

«Չկա քաղբանտարկյալների գծով համընդհանուր եզր, և սա այն եզրը չէ, որ HRW օգտագործում է, սակայն Եվրախորհուրդն առաջ է քաշել մի շարք հիմնական սկզբունքներ՝ փորձ անելով համախմբել քաղբանտարկյալ սահմանումը հրապարակված զեկույցում ու խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, որն ընդունվել է 2013 թվականին- նշում է Human Rights Watch ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:

Այդ սկզբունքները ներառում են դեպքեր, երբ ձերբակալությունը խախտում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները կամ եթե անձի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ: Բացի այդ, քաղաքական բանտարկյալներ են համարվում, ըստ Եվրախորհրդի բանաձևի, խտրականությանը կամ անարդար դատավարությանն առնչվող քաղական դրդապատճառներով ձերբակալված անձինք:

Սասնա Ծռերի դեպքերի կապակցությամբ իրավապաշտպանները համակարծիք են, որ այս գործով մեղադրական աթոռին գտնվող անձանց արդար դատավարության իրավունքը խախտված է և իրականացված հետաքննությունը միակողմանի էր ու` հեռու անաչառ կոչվելուց:
«Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք արձանագրել, որ դատավարությունների ընթացքում նրանց արդար դատավարության իրավունքները խախտվել են»,- նշում է Սաթիանին:

«Սասնա Ծռերի գործի շրջանակում շատ հիմնավորված կարծիքներ են հնչել այս խմբի արդար դատաիրավական գործընթացի խախտումների մասին և անգամ խմբի անդամների ու պաշտպանների նկատմամբ դատարանի շենքում բռնության դեպքերի մասին»,- նշում է Գիորգի Գոգիան: Վերջինս գտնում է, որ իշխանությունները պարտավոր են հետաքննել այս տեղեկությունը և պատժել մեղավորներին:

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող դիմել ձերբակալված խմբի անդամներին ազատ արձակելու կոչով: Հիմնական պատճառը 2016 թվականին ոստիկանական գնդի գրավման ժամանակ գրանցված բռնությունն էր, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ: Amnesty International-ն ընդգծում է, որ այդ պատճառով կազմակերպությունը չի կարող դիտարկել Սասան Ծռեր խմբի անդամներին որպես խղճի բանտարկյալներ:

«Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը:»,- նշում է Amnesty International ներկայացուցիչը:

Իսկ HRW-ի ներկայացուցչի կարծիքով էլ անհրաժեշտ է հստակ տարանջատել բռնություն կիրառողներին, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, ցույցերին մասնակցող կամ կոչերով հանդես եկող նրանց աջակիցներից, ում նկատմամբ հնարավոր է կիրառել խափանման միջոցի փոփոխություն:

«Սասնա Ծռերի գործով պետք է հստակ տարանջատել նրանց, ովքեր գրավել են զորամասը, պատանդներ վերցրել, որի արդյունքում եղել են զոհեր, և նրանց, ովքեր մասնակցում էին խաղաղ ցույցերին կամ աջակցում էին խմբին: Բռնություն կիրառած խմբի պարագայում պետք է սպասել դատարանի որոշմանը: Սակայն պետք է ապահովված լինի նրանց արդար դատավարության իրավունքը»,- ընդգծել է Human Rights Watch ներկայացուցիչը:

Երկու իրավապաշտպաններն էլ արձանագրում են, որ Սասնա Ծռեր խմբի անդամների հետագա ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի դատարանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG