Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումը


Վաշինգտոնում այս շաբաթ կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառումը, որի ներկա էին մի շարք բարձաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ և հյուրեր:

Կապիտոլիումում ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառմանը այս տարի կրկին հյուրընկալվել էին ԱՄՆ-ի կոնգրեսականներ, սենատորներ Հայաստանի, Արցախի և ամերիկահայ համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներ և հոգևորականներ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, իր ելութի ժամանակ, դատապարտելով Թուրքիայի կողմից շարունակվող Ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, նշեց.

«Ճշմարտությունը վերապահումներով չի լինում, այն անվախ ու անկախ է, այդպիսին էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը: Այդ պատճառով, ես բազմիցս կոչ եմ արել ԱՄՆ վարչակազմին կոչել իրերն իրենց անուններով և 1915-ին տեղի ունեցած բռնությունը պաշտոնապես ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն»:

''Ամերիկայի Ձայն''ի հետ ունեցած զրույցում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նաև հավելեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրես:

«Հետագա գործողությունների հստակ ժամկետները դեռևս պարզ չեն, բայց մենք շարունակում ենք հետևողական կերպով ճնշումներ գործադրել: Ես և իմ գործընկերները արդեն նամակով դիմել ենք նախագահ Թրամփին՝ կոչ անելով, որ նա հետևի Նախագահ Ռեյգանի օրինակին և Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի «ցեղասպանություն» եզրը»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը իր ելույթում, կարևորելով ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հայտարարեց, որ Հայոց ցեղացպանության ժխտողականությանը հանցակից լինելը ԱՄՆ-ի շահերից չի բխում:

''Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին, թե որքան մեծ է հավանականությունը, որ Դոնալդ Թրամփը կտարբերվի ԱՄՆ-ի նախորդ նախագահներից և կօգտագործի «ցեղասպանություն» եզրը, Ադամ Շիֆը պատասխանեց.

«Ո՞վ գիտի, նա շատ անկանխատեսելի նախագահ է: Այսօր առավոտյան նա Թուիթերում դատապարտում էր Թուրքիայի իշխանություններին ամերիկացի հոգևորականի ձերբակալման համար: Հաշվի առնելով նաև, որ Թուրքիան գնալով հեռանում է ԱՄՆ-ից ու ավելի սերտ հարաբերություններ հաստատում Իրանի և Ռուսատասնի հետ, և, եթե դիտարկենք ԱՄՆ-ի հասցեին հնչող քննադատությունները, չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա կգնա այդ քայլին:

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, Նյու Ջերզին ներկայացնող Կոնգրեսական Քրիս Սմիթը նշեց, որ եկել է ժխտողականությունից մաքրվելու ժամանակը և հավելեց.

«Սա 20-րդ դարի միակ ցեղասպանությունն է, երբ ցեղասպանություն ապրած ազգը շարունակում է առերեսվել մեղավոր կողմի բացարձակ ժխտողականություն զանգվածային քարոզչության արշավի հետ:

Կապիտոլիումում ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառմանը ելույթներով հանդես եկան հրավիրված հոգևորականները, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը, կոնգրեսականներ Դեյվ Թրոթը և Աննա Էշյուն:

Նշենք, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը:

XS
SM
MD
LG