Մատչելի հղումներ

Ինչպես ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգը դեմոկրատ ընտրեց


Դեմոկրատ Դագ Ջոնսի կողմնակիցները խանդավառությամբ են դիմավորում իրենց կողմից ընտրված նոր սենատորին: Արդեն մի քանի տասնամյակ է, որ Ալաբամա նահանգում երկրի Սենատի համար անցկացվող ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը որպես լուրջ մրցակից չէր դիտարկվում։Սակայն հանրապետական թեկնածու Ռոյ Մուրի վարկանիշը կտրուկ իջավ, երբ հայտնի դարձավ, որ անցյալում նահանգային դատախազ աշխատելու տարիներին նա սեռական կապեր է ունեցել անչափահաս աղջիկների հետ:

Հաղթանակի իր ելույթում Դագ Ջոնսը կենտրոնացավ ընդհանուր արժեքների վրա.

«Ի վերջո, այս ամբողջ նախընտրական ընթացքը արժանապատվության եւ հարգանքի մասին էր»:

Նորընտիր սենատոր Ջոնսը, ով նույնպես նախկին դատախազ էր, հայտնի դարձավ 1990-ականներին ռասիստական Կու Կլուքս Կլանի երկու անդամների դեմ հաջողությամբ քրեական գործը դատարանում հաղթելուց հետո: Այս կազմակերպությունը ներկայացնող ռասիստները մեղադրվում էին 1963-ին Բիրմինգեմի սեւամորթ ամերիկացիների եկեղեցում ռումբ պայթեցնելու մեջ, որի հետեւանքով չորս երիտասարդ էր զոհվել:

«Ալաբաման միշտ եղել է խաչմերուկում եւ նախկինում սխալ ուղղություն է ընդունել, սակայն այսօր վերադառնում է ճիշտ ուղղու վրա», - նշել է Դագ Ջոնսը:

Պարտված հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը հայտնի է որպես ծայրահեղ պահպանողական, ով նախկինում երկու անգամ հեռացվել էր նահանգային դատարանի ղեկավարի պաշտոնից. Առաջին անգամ դատարանի շենքին տասը պատվիրանները փակցնելու եւ երկրորդ՝ միասեռական զույգերի ամուսնությունն օրինականացնող ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը քննադատելու համար:

Չնայած սեռական սկանդալին, հանրապետական Մուրը ստացել էր նախագահ Թրամփի եւ Սպիտակ տան նախկին խորհրդական Սթիվ Բանոնի աջակցությունը, իսկ ընտրություններում կրած պարտությունից հետո՝ բողոքել դրանց ընթացքից.

«Այս ընթացքում մեզ կեղծ, բացասական լույսի ներքո էին ներկայացնում»:

Նախագահ Դոնալդ Թրամփն այնուամենայնիվ շնորհավորել է դեմոկրատ Ջոնսին հաղթանակի կապակցությամբ:

Դագ Ջոնսի հաղթանակով դեմոկրատները վերահսկում են Սենատի 49, հանրապետականները՝ 51 տեղերը: Այսպիսով, հանրապետականների առավելությունը 100-տեղանոց Սենատում կազմում է ընդամենը 1 ձայն: Դեմոկրատներին հաղթանակն ունի նաեւ կարեւոր նշանակություն 2018-ին նախատեսված Կոնգրեսի ընտրություններից առաջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG