Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու Պեկինը քննարկում են Կորեական ճգնաժամն ու առևտրային հարաբերությունները


Վաշինգտոնն ու Պեկինը հայտարարում են, որ զերծ կմնան նախկին սխալները կրկնելուց Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի առնչությամբ:

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի Հյուսիսային Կորեայի սպառնալիքի դեմ»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Իր հերթին Չինաստանի նախագահն իր խոսքում ասել է.

«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ հասնելու Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ու միջուկային զենքի չտարածման սկզբունքի պահպանմանը: Երկու կողմերը կշարունակեն ամբողջապես և միանշանակ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Մենք պարտավորվում ենք կարգավորել խնդիրները բանակցությունների ու երկխոսության միջոցով»,- հայտարարել է նախագահ Սի Ծինպինը:

Նախագահ Թրամփը նախօրեին հայտնել էր, որ Պեկինն ու Վաշինգտոնը բանակցություններում մեծ առաջընթաց են գրանցել շատ հարցերի շուրջ` ներառյալ Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի:

Առևտրային հարաբերություններին վերաբերող հարցերը ևս ընդգրկված են եղել երկու նախագահների բանակցությունների օրակարգում: Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը մտահոգություններ ուներ այս հարաբերությունների անհամաչափության հետ կապված:

Նախագահ Թրամփը նշել է, որ ամերիկյան առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ կազմում է միլիարդավոր դոլարներ, և այս հարցում նա մեղադրում է նախորդ վարչակազմին:

«Ես չեմ մեղադրում Չինաստանին: Ի վերջո, ո՞վ կարող է մեղադրել մի երկրի, որը, ի շահ իր քաղաքացիների, օգտվել է մյուս երկրի բացթողումից»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Չինաստանը ևս խոսել է այս հարցի շուրջ:

«Չինաստանն ու ԱՄՆ-ը երկու ամենախոշոր տնտեսություններն են և համաշխարհային տնտեսության զարգացման կարևոր գործոններ: Մեզ անհրաժեշտ է ավելի խորացնել առևտուրը, ներդրումները, համագործակցությունը, ուժեղացնել մակրոտնտեսական քաղաքականության ներդրումային համագործակցությունը և զարգացնել կայուն ու հավասարակշռված տնտեսական և առևտրային հարաբերություններ»,- հայտարարել է Չինաստանի նախագահը:

Երկու երկրների առաջնորդները հայտնել են, որ ստորագրել են 250 միլիարդ դոլարի գործարար պայմանագրեր, սակայն դրանց կյանքի կոչումը դեռևս հարցականի տակ է:

Facebook Forum

XS
SM
MD
LG