Մատչելի հղումներ

Ամերիկյան լրատվամիջոցները յուրօրինակ են արձագանքել հեռուստալրագրող եւ իշխանությունների ընդդիմախոս Քսենիա Սոբչակի՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

«Նա Փերիս Հիլթոնի ռուսական տարբերակն է», - հաղորդում է Foxnews հեռուստաալիքը: Մեջբերելով Սոբչակին, լրատվամիջոցը նշում է, որ Սոբչակը նախատեսում է առաջիկա նախագահական ընտրություններին ներկայանալ որպես այլընտրանք բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են վերջին 18 տարիներին իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինից:

The Washington Post թերթն իր կողմից հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է 6,630 օր, ինչն արդեն մեկ ամսով ավել է քան Խորհրդային Միության ճահճացած ժամանակաշրջանի ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի 6,601 տեւած առաջնորդի պաշտոնի ժամկետից:

Հատկանշական է, որ ամերիկյան մամուլի մեծ մասն ուշադրությունը սեւեռել է ոչ թե Քսենիա Սոբչակի հայտարարության կամ քաղաքական դիրքորոշման այլ նրա սկանդալային անցյալի վրա:

«Ռուսաստանի Փերիս Հիլթոն», «քաղաքական գործիչ դարձած նորաձեւության պատկերակ»՝ այսպես է բնութագրել Սոբչակին խոշորագույն The Huffington Post առցանց լրատվամիջոցը, որի կարծիքով, Քսենիա Սոբչակի մասնակցությունն ընտրություններին տրոհելու է Ռուսաստանի ընդդիմությունը, որի առաջնորդներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին, քննադատել է նախկին դաշնակցի ընտրություններին մասնակցելու որոշումը: Ավելին, լրատվամիջոցը գրում է, թե ոմանց կարծիքով Քսենիա Սոբչակի առաջադրումը կազմակերպված էր հենց Կրեմլի կողմից՝ ընդդիմությունը տրոհելու նպատակով:

Նման խոսակցություններին նոր թափ հաղորդեց հենց ինքը՝ Պուտինը, դրական պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը կին լինի:

Անդրադառնալով Քսենիա Սոբչակի առաջադրմանը, The New York Times-ը հատուկ ուշադրություն է դարձնում, որ արդեն 18 տարի իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինի դեմ մրցելու է «երիտասարդ հանրահայտ հեռուստալրագրողը», ում հայրը՝ Անատոլի Սոբչակը, համարվում էր Պուտինի քաղաքական ուսուցիչը: Չմոռանալով մատնանշել Սոբչակի շքեղ կյանքը, որն անցնում է թանկարժեք զբոսանավերում, ծովափերում եւ ռեստորաններում, թերթը միաժամանակ հիշատակում է, որ համաձայն սեպտեմբերին անցկացված սոցհարցմանը ռուսաստանցիների 53 տոկոսը դեմ է կին-նախագահի գաղափարին:

Գործնական Bloomberg-ն իր կողմից ներկայացնում է Հանրային կարծիքի հիմնադրամի վերլուծաբանի կարծիքը, ով համոզված է, որ Սոբչակին կհաջողվի իր կողմը գրավել երիտասարդներին, ովքեր դեմ են ներկա իշխանությանը:

Ինքը Քսենիա Սոբչակը, նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հայտարարության մեջ նշում է՝ «Երբ ես 18 տարեկան էի եւ արդեն բուհում էի սովորում, Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանի նախագահ: Այդ տարի ծնված երեխաներն այս ընտրություններին իրենք են քվեարկելու: Ուղղակի մտածեք դրա մասին»:

Վլադիմիր Պուտինը դեռեւս հրաժարվում է պաշտոնապես հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, մինչդեռ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին, հավանաբար դրա հնարավորությունը չի ստանալու, քանի որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվում է որպես թեկնածու գրանցել Նավալնիին, ով ունի դատված է եղել շատերի կողմից քաղաքական եւ մտացածին համարվող խարդախությունների մեղադրանքով:

Facebook Forum

XS
SM
MD
LG