Մատչելի հղումներ

Կրկին կողմնակիցներով շրջապատված՝ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ապացուցել իր աշխատակազմի կենսունակությունը:

«Բոլոր տեսակի ամերիկացիները միավորվել են մեկ պարզ նպատակի շուրջ՝ կրկին Ամերիկան հզոր դարձնել», - նշում է Թրամփը:

Թրամփը նաեւ կատարյալ կեղծիք է անվանել Ռուսաստանի հետ իր թիմի հնարավոր կապերի հետաքննությունը.

«Նրանք փորձում են զրկել ձեզ ձեր իսկ ընտրած առաջնորդներից կեղծ մեղադրանքներով, որոնք ստորացուցիչ են բոլորիս, իսկ ամենակարեւորը՝ մեր երկրի եւ Սահմանադրության համար»:

Երբ Արեւմտյան Վիրջինիայում հնչում էին Թրամփի հայտարարությունները, հայտնի դարձավ, որ հատուկ քննչական խմբի ղեկավար Ռոբերտ Մյուլերը Մեծ ժյուրի է հավաքել, ինչը նշանակում է, որ քննիչները լուրջ բացահայտումներ են ակնկալում:

Չնայած Դոնալդ Թրամփի կողմնակիցների խանդավառությանը, Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի աջակցության աստիճանը շարունակում է անկում ապրել եւ այժմ, Քուինիփեգի համալսարանի տվյալներով, ընդամենը 33 տոկոս է կազմում:

Խուսափելով Կոնգրեսի հետ առճակատումից, Դոնալդ Թրամը նախորդ շաբաթ ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենքը, միեւնույն ժամանակ հայտնելով, որ Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունների մեղավորը Կոնգրեսն է լինելու:

Վերլուծաբան Քայլ Քլոնդիքի խոսքով, Թրամփի ռազմատենչ պահվածքը դուր է գալիս իր հիմնական կողմնակիցներին.

«Նա ընտրություններում պայքարում էր որպես արտասովոր, սուր թեկնածու եւ պաշտոնը ստանձնելուց ի վեր իրականում չի փոխվել»:

Նախագահը եւ Կոնգրեսը այս օրերին Վաշինգտոնում չեն լինելու: Դոնալդ Թրամփն իր հանգստից կվերադառնա օգոստոսի վերջին, իսկ կոնգրեսականները՝ սեպտեմբերի սկզբին:

Facebook Forum

XS
SM
MD
LG