Սպիտակ տունը չի պատրաստվում ներկայացնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Մյունհենի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկրորդ հանդիպման մանրամասները, հայտարարել է նախագահի խոսնակը: Նրա խոսքով, որեւէ գաղտնի բանակցությունների մասին խոսք չի գնում.
«Նրանք կարճ զրույց են ունեցել, մանրամասներ չեմ պատմի, սակայն ճաշի ընթացքում նախագահը բազմաթիվ առաջնորդների հետ է խոսել: Զարմանալի կլիներ, եթե նրանք ճաշի գային եւ չշփվեին միմյանց հետ»:
Նախագահ Բիլ Քլինթոնի օրոք Սպիտակ տանն աշխատած վերլուծաբան Սթիվեն Փայֆերը սակայն նշում է, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը ճաշի ընթացքում անցել է առանց ամերիկյան կողմի թարգմանչի՝ հանդիպմանը մասնակցել է միայն նախագահ Պուտինի թարգմանիչը: Դոնալդ Թրամփը ճաշի ընթացքում նստած էր Ճապոնիայի վարչապետի տիկնոջ կողքին եւ նրան ճապոներենի թարգմանիչ էր ուղեկցում, ով սակայն Պուտինի հետ հանդիպմանը չի մասնակցել:
«Ճիշտ կլիներ, որ նախագահ Թրամփը հանդիպմանը գոնե այդ թարգմանչին վերցներ, ով Ռուսերեն չգիտեր, սակայն կարող էր առնվազն սղագրել այն, թե ինչ է ասել նախագահ Թրամփը անգլերեն լեզվով», - նշում է Փայֆերը:
Նախկին դիվանագետներն ընդգծում են, որ ներկա համատեքստում, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ, նման հանդիպումը հարցեր է առաջացնում: Հանդիպումներն ու բանակցություններն ընդունված են, սակայն այս պարագայում իրավիճակն այլ է, ասում է ՛՛Eurasia Group՝՝ հաստատության նախագահ Իեն Բրեմերը.
«Երբ դիտարկում ես այս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ավելի լայն համատեքստում, այս հանդիպումը տարօրինակ է թվում»:
Ավելի վաղ The New York Times թերթին նախագահ Թրամփն ասել էր, որ ճաշի ընթացքում Պուտինի հետ զրույցն ընդամենը 15 րոպե է տեւել եւ դրա ընթացքում որեւէ լուրջ հարցեր չեն քննարկվել:
Facebook Forum