Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը.

«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առեւտրի եւ ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»:

Դեսպան Թոմսենի խոսքով, այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆորնիայում գործող առաջադեմ ընկերություններ.

«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը եւ այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»:

Տնտեսական հարցերից բացի Հայաստանին անհրաժեշտ է կարգավորել նաեւ քաղաքական, առաջին հերթին՝ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նշում է նախկին դեսպանը.

«Բոլոր նախագահները, իսկ ես լավ ճանաչում եմ բոլորին, այդ թվում եւ նախագահ Սերժ Սարգսյանին, շատ լավ մարդիկ, արդյունավետ առաջնորդներ են: Ես մեծ հարգանք ունեմ Սերժի նկատմամբ: Սակայն, որոշակի ժամանակ է գալիս, երբ քանակականից ցանկալի է անցնել որակական փոփոխությունների»:

Հայաստանի ապագա բարգավաճման համար մեկ այլ խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը Դեսպան Թոմսենի համար իրական է թվում: Թուրքիան, որի հարավային սահմաններում իրավիճակը շարունակում է սրվել, հետաքրքրված է Հայաստանի հետ սահմաններին թուլացնել լարվածությունը, ուստի, կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նշում է նախկին դիվանագետը.

«Գերմանացիներն ու ֆրանսիացիները 1870-ականներից մինչեւ Երկրորդ աշխարհամարտ միմյանց սպանել են Էլզաս Լոթարինգիայի համար: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույն ճանապարհով են գնում եւ դեռեւս հայտնի չէ, արդյոք հաջորդ սերունդը կրկին պատերազմելու է, թե հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել հարցը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG