Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի որդուն ցուցմունք տալու են հրավիրում Սենատ


Միացյալ Նահանգներում քաղաքական գործընթացներն այս շաբաթ կենտրոնացած են երկու հիմնական խնդիրների վրա՝ Դոնալդ Թրամփի որդի Թրամփ կրտսերի հանդիպումը ռուս փաստաբանի հետ եւ նախագահ Թրամփի առաջարկած առողջապահության բարեփոխումների ծրագիրը:

Վերջին օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում էր քննադատել մամուլին իր որդի Դոնալդ Թրամփ կրտսերի նկատմամբ իր կարծիքով անարդար վերաբերմունքի համար: Սակայն, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մատնանշում են, որ Թրամփ կրտսերը ռուսաստանցի փաստաբանի հետ հանդիպման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ է արել:

«Սկզբում նա ասաց, որ հանդիպում չի եղել, այնուհետեւ՝ որ այն նվիրված էր երեխաների որդեգրմանը, որից հետո ընդունեց, որ հանդիպումը Քլինթոնի մասին տեղեկատվության ձեռք բերման նպատակով էր: Այնպես որ, Դոն կրտսերի ասածները չենք կարող ընդունել, ինչպես նաեւ՝ նախագահի ասածը այս հարցի շուրջ», - ասում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նախագահ Թրամփի փաստաբանները սակայն համաձայն չեն:

«Դոնալդ Թրամփ կրտսերն ինքը ասել էր, որ պետք էր այլ կերպ գործել, չնայած, որ օրենքի խախտում չկար», - նշում է նախագահ Թրամփի փաստաբան Ջեյ Սեկուլովը:

Փաստաբանների խոսքով, Դոնալդ Թրամփ ավագը տեղյակ չէր հանդիպումից: Թրամփ կրտսերն այդուհանդերձ այս շաբաթ հրավիրված է նաեւ Սենատի Դատաիրավաբանական հանձնաժողով՝ հանդիպման շուրջ պարզաբանումներ տալու:

«Ուրախ եմ թափանցիկ լինել եւ համագործակցել այս հարցում բոլորի հետ», - հայտարարել է կրտսեր Դոնալդ Թրամփը:

Միեւնույն ժամանակ, հանրապետականները հետաձգում են նախագահ Թրամփի առաջարկած առողջապահության բարեփոխումների ծրագրի շուրջ քվեարկությունը՝ փորձելով Սենատում ձայների մեծամասնություն ապահովել: Խնդիրն այն է, որ ծրագրին դեմ է ոչ միայն ամբողջ Դեմոկրատական կուսակցությունը, այլեւ՝ որոշ հանրապետականներ:

«Այն կարող է բարձրացնել առողջապահության ապահովագրման արժեքը, հատկապես նրանց համար, ովքեր նախկինում խնդիրներ ունեին առողջության հետ», - նշում է հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը:

Սպիտակ տունը հակազդում է:

«Վերջապես դուք կունենաք հրաշալի առողջապահություն՝ հասանելի գներով», - ասել է նախագահ Թրամփը:

Տասնյակից ավելի հանրապետականներ դեռեւս չեն հայտնել իրենք դիրքորոշումը հանրապետական նախագահ Թրամփի կողմից առաջարկված առողջապահական ապահովագրման նոր օրենքի շուրջ, որոշում, որը նրանք պետք է կայացնեն արդեն այս շաբաթ:

Facebook Forum

XS
SM
MD
LG