Մատչելի հղումներ

Փարիզի համաձայնագիրը կենսունակ է առանց ԱՄՆ-ի, կարծում են փորձագետները


Paris Climate Change
Paris Climate Change

Փարիզում 197 երկրներ հաստատել էին, որ կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, ուստի նրանք պայմանավորվեցին կրճատել գազի արտանետումները:

ԱՄՆ-ը խոստացել էր ապահովել արտանետումների կրճատումների շուրջ մեկ հինգերորդը, իսկ Չինաստանը՝ 27 տոկոսը: Մնացած մասը բոլոր մյուս երկրների պարտավորությունն է:

Նախագահ Թրամփի վարչակազմը իշխանության գալուց հետո վերանայեց ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը կլիմայի փոփոխման հարցում՝ վերանայելով նախագահ Օբամայի ընդունած կանոնակարգերն արտանետումների վերաբերյալ:

«Որևէ այլ կանոնակարգ, թերևս, ավելի մեծ վնաս չի պատճառում մեր հանքերին, աշխատողներին ու ընկերություններին, որքան այս հարձակումը ամերիկյան արդյունաբերության դեմ»,- բնութագրել է նախկին նախագահ Օբամայի ընդունած որոշումը նախագահ Թրամփը:

Այս հարցի շուրջ Համաշխարհային ռեսուրսներ հաստատության ներկայացուցիչ Էնդրյու Լայթն ասում է.

«Թրամփի վարչակազմն արդեն ազդարարել էր, որ ցանկանում է վերանայել նախկին վարչակազմի մոտեցումները կլիմայի փոփոխության վերաբերյալ: Եվ նրանք դա կանեն անկախ նրանից' կմնան Փարիզի համաձայնագրում, թե' ոչ»,- ասում է Լայթը:

Սակայն Լայթի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից արտանետումները նվազում են անկախ նրանից, թե ինչ է ձեռնարկում Թրամփը:

Էլեկտրոկայաններն ածուխի փոխարեն օգտագործում են բնական գազ: Շատ վայրերում քամուց ու արևից ստացված էլեկտրոէներգիան ավելի էժան է, քան վառելիքից ստացվածը: Տնտեսությունն ավելի է միտված դեպի բնապահպանություն:

«Շատ նահանգներ, քաղաքներ և ընկերություններ շարժվում են այդ ուղղությամբ: Եվ նրանք կշարունակեն դա անել անկախ վարչակազմի դիրքորոշումից: Ուստի, Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս բերումը կարծում եմ շատ մեծ վնաս չի հասցնի կլիմային, եթե իհարկե այլ երկրներ չլքեն այն»,- կարծոմ է Լայթը:

Չինաստանը հայտարարել է, որ մնում է համաձայնագրում, իսկ Հնդկաստանը ունի մեծ ծրագրեր վերարտադրողական էներգիայի ասպարեզում:

Լայթի կարծիքով հնարավոր է առանց Միացյալ Նահանգների հասնել Փարիզի սահմանած նպատակներին: Սակայն միայն Փարիզի համաձայնագիրը բավարար չէ՝ կանխարգելու գլոբալ ջերմացման հետ կապված սպառնալիքները: Ըստ փորձագետի՝ անհրաժեշտ են նոր նախաձեռնություններ, սակայն ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի պարագայում դրանք դժվար է պատկերացնել:

Facebook Forum

XS
SM
MD
LG