Մատչելի հղումներ

Հայաստանում արձագանքում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալոտ փակման մասին հաղորդումներին


«Ազատություն» ռադիոկայան

Երկու տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ փակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը: Այս տարի էլ Ադրբեջանը խոչընդոտեց երևանյան գրասենյակի բյուջեի հաստատմանը՝ անհնարին դարձնելով 1999 թվականից գործող գրասենյակի գործունեությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Հայաստանի դիվանագիտական պարտությունն է, պնդում են հայաստանյան փորձագետները: Քաղաքական մեկնաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով, իշխանությունները բավարար ջանք չեն գործադրել՝ գրասենյակը փակելու ուղղությամբ Ադրբեջանի գործողությունները կանխելու համար:

«Հայաստանի իշխանությունները որևէ լուրջ հրապարակային գործունեություն չծավալեցին այս խնդրի շուրջ միջազգային կարծիք ձևավորելու առումով, նույնիսկ պաշտոնական հայտարարությունները, որոնք արվել են գրասենյակի փակման հետ կապված, չեն էլ մատնանշում ՝ ով է մեղավոր, ում պատճառով է: Այսինքն, ո՛չ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, ո՛չ հատուկ ներկայացուցչի գնահատականներում Ադրբեջանի անուն տրված չէ: Ընդամենը՝ ափսոսանք, ցավ է հայտնված և ինչ-որ անհույս լավատեսություն, որ ԵԱՀԿ-ն ակտիվ գործունեություն կծավալի Կովկասում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:

Այլ կարծիքի է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, նրա պնդմամբ՝ անկախ հայկական դիվանագիտության աշխատանքից, արդյունքը չէր փոխվի, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման համար պետք է բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համաձայնությունը:

«Մեր դիվանագիտության միակ հնարավորությունը կարող էր լինել այն, որ մենք այլ երկրներին համոզեինք՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի իր վետոյի իրավունքից: Ես կարծում եմ, որ այդ ճնշումը կար, անկախ նրանից, թե որքանով էր ակտիվ Հայաստանի դիվանագիտությունը: Ես չգիտեմ մանրամասները՝ ինչ աշխատանքներ են տարվել, բայց ես տեսնում էի, որ ճնշումներ կան և՛ նախագահող երկրի՝ Ավստրիայի կողմից, և՛ նախորդ նախագահող երկրի՝ Գերմանիայի կողմից և համոզված եմ՝ Ռուսաստանի կողմից, թեև դա չէր երևում, բայց ինձ համար ակնհայտ է: Բայց, փաստորեն, դա արդյունք չտվեց»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Այսօր հայտարարությամբ Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ, նշելով, որ այդ գրասենյակներն անգնահատելի աջակցություն են ցուցաբերում այն երկրներին, որտեղ գտնվում են՝ «օգնելով ամրապնդել նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին»:

«Ազատության հետ զրույցում Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշեց՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու՝ ԵԱՀԿ երկրների ջանքերն ապարդյուն անցան: «Ադրբեջանցիներն իրականում խանդով էին վերաբերվում, որ միշտ օրինակ էր բերվում, որ Հայաստանում գրասենյակը գործում է բավական արդյունավետ, շատ լուրջ ծրագրեր էին իրականացվում: Այդ ամբողջ պատմությունը հենց դրա հետևանքն էր, որ Հայաստանին մատնանշում էին՝ որպես շատ դրական օրինակ, օրինակ էին բերում մյուս բոլոր պետություններին»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը հանդես էր եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին ավելի ծավալուն մեկնաբանությամբ:

XS
SM
MD
LG