Մատչելի հղումներ

«Ցանկանում եմ թափանցիկ լինել Հայաստանի կառավարության և հասարակության հետ»․ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս


«Ցանկանում եմ թափանցիկ լինել Հայաստանի կառավարության և հասարակության հետ»․ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս
please wait

No media source currently available

0:00 0:06:02 0:00

Հայաստանում ՀՀ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը արդեն երկրորդ անգամ հանդես է գալիս ելույթով Հայ-ամերիկյան առևտրային պալատում։ 15 ամիս առաջ այս նույն հարթակում նա հայտարարեց իր գործունեության գերակա ուղղությունների մասին, քանի որ ցանկանում է թափանցիկ լինել Հայաստանի կառավարության և հասարակության հետ: Իսկ այսօր նա հնչեցրեց իր գնահատականն այդ ուղղություններով դեսպանատան ձեռնարկած քայլերի որակի ու ազդեցության վերաբերյալ և առաջարկներ ներկայացրեց՝ այդ չորս գերակա ուղղություններով Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ համատեղ իրենց աշխատանքը շարունակելու համար:

«Այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, և թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն,- ասաց դեսպանը,- Որպես իմ հետագա խոսքի նախաբան թույլ տվեք ընդգծել, որ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ես, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց»:

Առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում: Նրա խոսքերով, սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան:

Տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում նա առանձնացրել էր ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև և ուրախությամբ փաստեց վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը: 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի: Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին: Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու ընկերությունն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են՝ տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, և դրա հետ մեկտեղ նրանք նաև խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում:

Երկրորդ գերակա խնդրին է` գործակցել հայաստանյան գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարում:- «Մենք դրական արդյունքներ տեսել ենք, բայց անելիք դեռ շատ կա, ասաց նա,- ուրախալի ու հուսադրող է, որ վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն, ու ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»:

Նա հանդես եկավ առաջարկներով․ «Նախ՝ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանքց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»:

Երրորդ գերակա ուղղությանն է ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության ամրապնդումը Հայաստանում: Այն հաջողությունները, որ գանցվել են որոշ ոլորտներում ցույց են տալիս, որ կան շատ կազմակերպություններ և շատ մարդիկ կառավարության ու քաղաքացիական հասարակության շարքերում, ովքեր խորապես հոգ են տանում այս հարցերի մասին և նվիրված են հայ հասարակության ներսում իրական փոփոխությունների կատարման գործին: Բայց կան նաև անհանգստության տեղիք տվող միտումներ, որոնց դեսպանը ականատես եղել վեջին 15 ամիսների ընթացքում: 2015թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեսպանատունը խորապես մտահոգ էր ընտրակեղծիքների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Հանրաքվեից հետո դեսպանատունը հրապարակային հայտարարություն արեց և հստակ նշեց, որ հրապարակային տեղեկություններում ներկայացված տվյալները կօգտագործի, որպեսզի ընտրախախտումներ թույլ տված կամ ընտրություններին միջամտած անձինք հնարավորություն չունենան մասնակցել դեսպանատան ծրագրերին կամ միջոցառումներին: Թեպետ անձնական տվյալների գաղտնիության նկատառումները թույլ չեն տալիս տեղեկություններ տրամադրել այն անձանց մասին, ովքեր այս որոշման հետևանքներն են կրում, սակայն դեսպանը վստահեցրեց, որ իրենք այդ որոշմանը հետամուտ են եղել: Ազատ և արդարացի ընտրությունների կայացման համար կառավարությունը նաև պետք է ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների:

Նա անդրադարձավ անցած տարվա հուլիսի Էրեբունու դեպքերին: «Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները»: Մտահոգիչ է նաև մեկ այլ խնդիր, որն առավել շեշտադրվեց Էրեբունու դեպքերի համատեքստում. դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից, ասաց դեսպանը: Նախնական կալանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի իրավական համակարգում, սակայն դա պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, երբ սպառված են բոլոր այլընտրանքային միջոցները, որոնք կարող են ապահովել, որ կասկածյալը փախուստի չդիմի և չմիջամտի քննության ընթացքին: Այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն: Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքական տեսանկյունից զգայուն գործերի հետ կապված, մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Եվ բեռը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինեն կամ էլ հնարավորինս շուտ ապահովվի բաց դատաքննություն»։

Եվ չորրորդ գերակայությանը՝ հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալի ներկայացնելը: «Ես սա առանձնացրեցի որպես գերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: Շատ առումներով սա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք հայաստանյան լրատվական դաշտի իրողությունները: Ամերիկյան ու արևմտյան լրատվական աղբյուրներից հայերը քիչ են օգտվում, ու թեպետ ինտերնետը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն ամերիկյան լրատվամիջոցներից օգտվելու համար շատերին խանգարում է անգլերենի չիմացությունը: Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ, ինչպիսի օրինակ այս խումբն է, եղել եմ մի շարք համալսարաններում, դեսպանատան ամերիկացի անձնակազմը, մեր կրթական ծրագրերի շրջանավարտների հետ գործակցելով, արտաքին քաղաքականության տարբեր հարցերի են անդրադարձել Ամերիկյան անկյուններում, ես մի շարք հարցազրույցներ եմ տվել, ուղիղ ճեպազրույցներ ունեցել ֆեյսբուքում, ու նաև ակտիվ ենք եղել թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում: Ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականն այս ուղղությամբ մեր աշխատանքների մասին և առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելին անել: Եթե կարծում եք, որ արժե ավելի լավ հասկանալ ԱՄՆ գործողություններն ու քայլերն աշխարհում, ապա հետևեք մեզ թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում, մեկնաբանություններ ներկայացրեք մեր հրապարակումների վերաբերյալ ու դրանք փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց»: Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ հպարտ է այն աշխատանքներով, որ վերջին 15 ամիսների ընթացքում կատարել է դեսպանատունը նախանշած չորս գերակա ուղղություններով:

XS
SM
MD
LG