Մատչելի հղումներ

Աշխարհն ուշադրությամբ է հետեւում ԱՄՆ-ի նոր վարչակազմի գործելաոճին


“Transparency International” հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությունը մտահոգված է, որ Թրամփի վարչակազմում շահերի բախումը եւ ընտանեվարությունը կարող են վնասել կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելու դերին:

Բեռլինից գործող “Transparency International” կազմակերպությունն ԱՄՆ-ի նոր վարչակազմում նկատում է մտահոգիչ նշաններ: Կազմակերպության վերլուծաբաններից Ռոբերտ Բարինգթոնի խոսքերով, իրենք մտահոգված են ԱՄՆ-ում իշխանության կենտրոնացմամբ, շահերի բախմամբ, ընտանեվարման, բարեկամներին պաշտոններ բաշխելու փաստերով, ինչպես նաեւ մամուլը լռեցնելու փորձերով: “Սրանք պայմաններ են, որոնք կարող են իջեցնել երկրների սանդղակում ԱՄՆ-ի աստիճանը”:

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է “չորացնել ճահիճը”, վերացնել Վաշինգտոնում հին ծանոթությունների միջոցով հաստատված կապերը ու իշխանությունը հետ վերադարձնել ժողովրդին: Սակայն իր փեսային Սպիտակ տան խորհրդականի պաշտոնում նշանակելու հանգամանաքն արդեն իսկ շահերի բախում է, որը կարող է մեծապես վնասել կոռուպցիայի դեմ պայքարում Ամերիկայի դերը:

“Ամերիկան շատ կարեւոր ու շատ հաջողված դեր է ունեցել այդ պայքարում: Եվ կարող է շարունակել այդ դերը միայն այն դեպքում, եթե կարողանա ուրիշներին հորդորել ապրել իր չափանիշներով: Սակայն լուրջ խնդիր առաջ կգա, եթե անկում ապրեն իր չափանիշները”, ասում է վերլուծաբանը:

“Transparency International”-ը նշում է, որ դեռեւս չկան կոռուպցիայի իրական նշաններ, եւ բարձր պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուները հաստատվում են պաշտոններում: Նրանցից ամենամանրամասն ու խիստ զննումների է ենթարկվել պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը:

Ինչպես “Չեթըմ Հաուս” վերլուծական կենտրոնի վերլուծաբաններից Ջեքըբ Պարակիլասն է ասում, Թիլերսոնը շատ ճիշտ գործեց, երբ անմիջապես հրաժարվեց “Էքսոն”-ի իր բաժնետոմսերից: “Կառավարության էթիկայի վարչությունն այդ պատճառով համեմատաբար հեշտությամբ կանաչ լույս վառեց նրա առջեւ, երբ մյուս թեկնածուները դեռեւս խնդիրներ ունեն կախված իրենց գլխավերեւում”:

Իսկ աշխարհի երկրների առաջնորդները, որոնք այս պահին ցանկանում են դրացիական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, իրենց օրակարգերում դեռեւս մեծ տեղ չեն հատկացնում ԱՄՆ-ում կոռուպցիայի հավանականությանն ու հնարավորությանը:

XS
SM
MD
LG