Մատչելի հղումներ

«Ես հավատում եմ իմ երկրին»՝ նախագահ Օբամայի վերջին ասուլիսը


«Ես հավատում եմ իմ երկրին, հավատում եմ Ամերիկյան ժողովրդին, հավատում եմ, որ մարդկանց մեջ գերակայում է բարին»,- այս բառերով ավարտեց նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսը Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Իր ասուլիսին նախագահը որոշել էր անդրադառնալ ոչ թե ձեռքբերումներին, այլ խոսել ընթացիկ հարցերի շուրջ: Օբամայի նախագահության ձեռքբերումների թվում է վերջին ութ տարիների ընթացքում տնտեսական ճգնաժամից լիարժեք վերականգնված ամերիկյան տնտեսությունն ու այլընտրանքային էներգիայի ոլորտի հսկայական զարգացումը: Ընթացիկ հարցերի թվում՝ Դոնալդ Թրամփի նախագահությունը:

Օբամայի խոսքով, ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը վկայում է ԱՄՆ-ի ժողովրդավարության ճկունության մասին, որը թույլ է տալիս մարդկանց դժգոհությունը օրինական ճանապարհով իրական փոփոխությունների վերածել.

«Բազմաթիվ մարդիկ իրենց ձայնը տվել են ընտրյալ նախագահին, որովհետեւ իրենք իրենց մոռացված են զգացել: Նրանք անհանգստացած են, որ իրենց երեխաները նույն հնարավորությունները չեն ունենալու, որ իրենք են ունեցել: Չպետք է լինի Ամերիկա, որտեղ մարդկանց մի փոքր զանգված իրոք մեծահարուստ է, իսկ բոլոր մյուսները պայքարում են օրվա հացի համար»:

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների խնդրին, Բարաք Օբաման նշել է, որ իր ամբողջ նախագահության ընթացքում պաշտոնական Վաշինգտոնը փորձել է դրական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի իշխանությունների հետ, քանի որ դա բխում է ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի շահերից.

«Նախագահ Պուտինի վերադառնալուց հետո սակայն ավելացան հակաամերիկյան հայտարարությունները եւ գլոբալ հարցերում սկսեց մոտեցում ցուցաբերվել, թե իբր Ամերիկայի ցանկացած գործողություններ Ռուսաստանին վնաս են հասցնում: Այդ վերադարձը թշնամական ոգուն, որը գոյություն ուներ սառը պատերազմի ընթացքում, հարաբերություններն ավելի բարդացրեց»:

Բարաք Օբաման նշել է, որ հավատում է երիտասարդներին, որոնք առաջինը ոգեւորեց Օբամայի առաջարկած նոր, ազատ եւ անսահման հնարավորությունների աշխարհի գաղափարը, ուստի, այդ աշխարհի ապագան դեռ նոր է սկսում ձեւավորվել:

XS
SM
MD
LG