Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պետք է շարունակի առաջնորդել առաքելությունը՝ գեներալ Պետրեուս


Միացյալ Նահանգները պետք է շարունակի առաջնորդել եւ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային բազմաթիվ մարտահրավերների կարգավորման գործում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում պատմել է Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար գեներալ Դեվիդ Պետրեուսը:

«Արտաքին քաղաքականության ոլորտի հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների դերն է համաշխարհային ասպարեզում: Աշխարհի տարբեր մասերում կարծիք կա, որ ԱՄՆ-ը հետ քայլ է կատարում: Իմ կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի մի շարք մարտահրավերների կարգավորման ընթացքը, քանի որ առանց դրա, կարգավորումն անհնար է»:

Պետրեուսը, ով մեկ ժամից ավելի զրուցել է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ընդգծում է, որ «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» Թրամփի կարգախոսը կայանում է ամերիկյան շահերի առաջնահերթ պաշտպանման մեջ.

«Շատ դեպքերում սակայն, ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունը հնարավոր է դաշնակիցների օգնությամբ»:

Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, Դեվիդ Պետրեուսը նշում է, որ նոր ամերիկյան վարչակազմը պատրանքներ չի փայփայում.

«Թրամփի ազգային անվտանգության թիմի անդամների կողմից կա պարզ գիտակցում, որ Վլադիմիր Պուտինը մեր բարեկամը չէ, այլ՝ միանշանակ թշնամի: Նա միջազգային կարգի թշնամին է»:

Պետրեուսի խոսքով, Ռուսաստանի նախագահն ամեն կերպ փորձում է վերականգնել խորհրդային կայսրությունը՝ հաշվի չնստելով միջազգային կարգի հետ.

«Եթե հայացք գցենք Ռուսաստանի սահմաններին, կարող ենք տեսնել, թե ինչպես է նա փորձում վերամիավորել նախկին Խորհրդային Միությունը օգտագործելով տնտեսական, անվտանգության եւ այլ լծակներ»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններն անհրաժեշտ են անկախ այդ երկրների հարաբերությունների մակարդակի, առավել եւս, որ երկու երկրներն այսօր ունեն նաեւ բազմաթիվ ընդհանուր շահեր.

«Նույնիսկ երբ Միացյալ Նահանգներն ու Խորհրդային միությունը գտնվում էին երկաթյա վարագույրի տարբեր կողմերում, մենք միեւնույն է երկխոսության մեջ էինք»:

XS
SM
MD
LG