«Կարծում եմ, սա լինելու է լավագույն վարչակազմը»:
Իր նոր թիմը Դոնալդ Թրամփը հավաքել է խոշոր գործարարներից, զինվորականներից եւ պահպանողական գործիչներից:
Թրամփի կողմից առաջադրված թեկնածուներից ամենամեծ ուշադրությանն է արժանացել պետքարտուղարի թեկնածու, EXXON-MOBIL-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնը.
«Վլադիմիր Պուտինի հետ իմ հարաբերությունները 15 տարվա պատմություն ունեն: Նա հասկանում է, որ ես գործարար եմ»:
«Մենք բազմաթիվ հարցեր ունենք, տեսնենք, թե Թիլերսոնն ինչ պատասխաններ ունի», - դեմոկրատ Քրիս Քունսը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, որը քննարկելու է Թիլերսոնի թեկնածությունը:
«Շահերի հնարավոր բախման, Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերությունների եւ նավթային առաջատար ընկերություն ղեկավարելու փորձի վերաբերյալ Թիլերսոնին հարցեր ունեն թե հանրապետականները, թե՝ դեմոկրատները»:
«Թեկնածուներից մի քանիսի դեպքում քննարկումները շատ բուռն են լինելու», - վերլուծաբանների խոսքով, Սենատում քննարկումների ընթացքում կբացահայտվեն նաեւ հաջորդ նախագահի հարաբերությունները օրենսդիրների հետ:
«Ինձ տպավորել են ապագա վարչակազմի առաջադրված թեկնածուները», - հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելի կարծիքով, նոր վարչակազմի անդամները Սենատի հավանությունը ստանալու լուրջ հնարավորություն ունեն:
Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն կազմող դեմոկրատները չեն կարող միայնակ արգելակել Թրամփի նոր վարչակազմի անդամների մուտքը կառավարություն, սակայն եթե նրանց միանա նույնիսկ մեկ-երկու հանրապետական, ապա որոշ թեկնածուներ Սենատի հավանությանը չեն արժանանա։