Մատչելի հղումներ

Հայաստանը պիտի խորացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ասում են վերլուծաբանները


Հայաստանը պիտի խորացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ասում են վերլուծաբանները
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Վաշինգտոնի Քենանի անվան վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումները հետխորհրդային վերջին 25 տարիների քաղաքական զարգացումների, տնտեսության բնագավառում փոփոխությունների, միգրացիայի ու հակամարտությունների մասին էր։

Ռուսաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքը Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտակայքում վերջերս օծեց ռուսական մի եկեղեցի, ինչը մեծաթիվ փորձագետներ համարում են Եվրոպայում Պուտինի ազդեցությունը տարածելու խորհրդանիշ։ Ազգային պաշտպանության համալսարանի փորձագետ Պիտեր Ելցովի խոսքերով էլ, գաղտնիք չէ, որ ռուսական բանկերից մեկը 27 միլիոն եվրոյի վարկ է հատկացրել Ֆրանսիայի ծայրահեղ աջթեւային Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լը Պենին այս երկրի ընտրություններից մի քանի ամիս առաջ։

՝՝Իսկ եթե Լը Պենը հաղթի, ես կարծում եմ, դա կլինի Եվրոպական Միության վերջը՛՛, ասել է նա։

Վաշինգտոնի Քենանի անվան հաստատությունում անցկացված քննարկումները հետխորհրդային 25 տարիները, տեղի ունեցած փոփոխությունները եւ անկախացած պետությունների ընտրած ուղիները վերլուծելու նպատակ ուներ։

Ինչպես հաստատության փոխտնօրեն Ուիլյամ Պոմերանցն է ասում, Ռուսաստանն այս անկախ պետությունների համար վտանգավոր է այնքանով, որ փորձում է մնալ այս տարածքում քաղաքական ու տնտեսական առումով կենտրոնական բաղադրիչ։

Նրա խոսքերով, ՝՝Այսօր, երբ սառեցված հակամարտությունները նորից վերակենդանանում են, արդո՞ք Ռուսաստանի գլխավոր նպատակը վերահսկելու ցանկությամբ միջամտելը չէ՛՛։

՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր ամենամտահոգիչն է բոլորի համար՛՛, ասում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի արտաքին հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Գերարդ Թոլը։ ՝՝Ամենամտահոգիչն է, քանի որ այն ունի նորից պատերազմի վերաճելու հնարավորություն։ Եվ այս հարցում բոլոր ազդանշանները շատ բացասական են։ Խնդիրը լուծելու միակ եղանակը լիակատար քննարկումներն են, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Իսկ այս գործում մեծ է Մինսկի խմբի դերը՛՛։

Ռուսական ազդեցության լծակները հետխորհրդային տարածքում մնում են ուժեղ, եւ այստեղ գերակայում է ռուսամետ կարծիքը։ Այս մասին է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանն ասում Քոլորադոյի համալսարանի միջազգային զարգացման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Օ’Լաֆլինը։

՝՝Մարդկանց 75-ից 8Օ տոկոսն ունի ռուսական կողմնորոշում՛՛, ասում է նա ու շարունակում. ՝՝Այդ պատճառով է նաեւ, որ այս երկրներում մարդիկ կասկածանքով են մոտենում Արեւմուտքի մտադրություններին, նրա քայլերը համարում ագրեսիվ, եւ իրենց իր կողմը քաշելու նպատակներում՝ խորամանկ՛՛։

Եվ այս ամենի պատճառն այս երկրներում Արեւմուտքից բավարար տեղեկություններ չստանալու հանգամանքն է, ասում է նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համատեղ զորախմբի միջոցով Հայաստանի անկախության լծակները կորցնելու մտահոգություններին, վերլուծաբաններն ասում են, թե բացարձակ ինքնիշխանություն չի լինում։ Ինքնիշխանությունը, Գերարդ Թոլի խոսքերով, ամրապնդվում է լավ հարաբերություններով, այլ երկրների հետ դաշինքներ կազմելով։ Այդ պատճառով, ասում է նա, Հայաստանն ավելի պիտի խորացնի լավ հարաբերությունները նաեւ Եվրոպական Միության հետ։

XS
SM
MD
LG