Սա Գվինեայի Դիեկե անտառն է:
«Երբ օձը խայթում է ինչ-որ մեկին, մենք նրան արագորեն բուժում ենք անտառի բարիքներով: Անտառը դեղատուն է»,- ասում է ժողովրդական բժշկության կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռոջեր Քոկոլ Նիամին
Մարդիկ բուսաբուժներին վճարում են որքան կարող են: Շատերը ի վիճակի չեն վճարել հիվանդանոցների և դեղերի համար:
«Մենք այստեղ ենք եկել, քանի որ հայրս հիվանդ է: Այստեղ բուժվելն ավելի էժան է, քան հիվանդանոցում: Նրանք անգամ գումար չեն պահանջում մեզնից, այլ սկզբից բուժում են», - ասում է Թամբա Մամադուն՝ հիվանդներից մեկի որդին:
Գվինեայի գյուղական այս շրջանում կա ընդամենը 30 սովորական բժիշկ, սակայն գործում են ավելի քան 6 հազար ժողովրդական բժշկությամբ զբաղվող բուսաբույժներ:
«Մենք միջնորդներ ենք ժամանակակից բժիշկների և հիվանդների միջև: Մենք բուժում ենք նրանց, ում կարող ենք, իսկ ում ՝ ոչ, ուղարկում ենք հիվանդանոց», ասում է Նիամին:
Այստեղ էր՝ հարավարևելյան Գվինեայի անտառներում, ուր սկսվեց էբոլայի համաճարակը 2013 թվականի վերջին: Ժողովրդական բժիշկներն այդ օրերին առաջիններից էին, որ առնչվեցին այդ մահացու հիվանդության հետ, ինչի մասին նրանք չունեին որևէ պատկերացում:
Շատ բուսաբույժներ վարակվեցին էբոլայով՝ հիվանդների հետ շփվելու արդյունքում: Ըստ փորձագետների կարծիքի՝ Էբոլայի համաճարակի կրկնության դեպքում այն նորից առաջինը կհարվածի բուսաբուժներին, և հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու այլ կառույցներ կազմակերպում են վարակից պաշտպանվելու մասին դասընթացներ Գվինեայի ժողովրդական բժիշկների համար:
«Ամբողջ խնդիրը մաքրության պահպանման մեջ է: Մենք պետք է լվանանք ձեռքերը, օգտագործենք քլոր և օգնենք մարդկանց», -ասում է Նիամին:
Սակայն այս պահին Նիամիի մոտ վերջացել են բժշկական ձեռնոցներն ու պաշտպանական մյուս իրերը, որոնք նա ստացել էր ապրիլ ամսվա դասընթացների ժամանակ:
«Մենք մատակարարում ենք այդ ամենը, սակայն պետք է դիմեն մեզ կամ մենք տեղեկացված լինենք: Նրանք դիմում են տեղում գտնվող մարդկանց, ովքեր չունեն քլոր: Մեր կառույցներն են կազմակերպում դրանց մատակարարումը»,- ասում է բժիշկ Սոկրո Թեորան առողջապահության նախարարությունից:
Ակնհայտ է, որ առկա է կառավարման հետ կապված խնդիր՝ մատակարարումն անխափան ապահովելու համար:
Բոսաբույժ Նիամին նաև ասում է, որ որոշ բաներ փոխվել են այս համաճարակից հետո: Մասնավորապես, սա դաս էր բուսաբույժների համար, քանի որ նրանք գիտակցեցին, որ ամեն ինչը չէ, որ կարող են բուժել, և կան դեպքեր, երբ հիվանդին պետք է ուղարկել կլինիկական բուժման: Սակայն մեկ բան չի փոխվում. Նիամին ասում է իր դռները միշտ բաց են հիվանդների առաջ: