Թուրքիայում բազմաթիվ բողոքի ցույցերից հետո կառավարությունը ստիպված էր հետ կանչել սկանդալային օրենքի նախագիծը, որն իրավապաշտպաններից շատերը հասցրել էին անվանել երեխաների սեռական բռնության օրենք: Օրենքի նախագիծը մասնավորապես ազատում էր քրեական պատասխանատվությունից բոլոր նրանց, ովքեր 18 տարեկանից ցածր աղջկա հետ վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալուց հետո համաձայնեին ամուսնանալ նրա հետ: Իրավապաշտպանները մեղադրում են Թուրքիայի իշխանություններին կանանց իրավունքների դեմ նպատակաուղղված պայքարի մեջ:
«Իր ընդունած եւ առաջարկված օրենքներով կառավարությունը պաշտպանում է կանանց եւ երեխաների դեմ սեռական բռնություններ կատարողներին: Կամ սրան վերջ կդրվի կամ էլ մենք կվերադառնանք մութ անցյալը», - նշում է Դիարբեքիրի բնակիչ Սալիհա Զոռլուն:
Թուրքիայի մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքի էին դուրս եկել օրենքի նախագծի դեմ, նշելով, որ այն փաստորեն արտոնում է մանկական ամուսնությունները: Դիարբեքիրում ուսուցչական միության անդամները որոշել էին յուրօրինակ ձեւով պայքարել օրենքի նախագծի դեմ՝ կազմակերպելով հեծանվարշավ քաղաքով մեկ:
«Մենք փորձում ենք հասարակությունում պատասխանատվության զգացողություն սերմանել: Փորձում ենք այսպիսով ուշադրություն գրավել կանանց խնդիրների նկատմամբ», - պատմում է միության անդամներից մեկը:
Օրենքի նախագծին դեմ էին Թուրքիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, սակայն, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը երկրի խորհրդարանում մեծամասնություն է կազմում եւ ցանկության դեպքում կարող էր ընդունել օրենքի նախագիծը:
Իշխանությունների տվյալներով, նախագծի ընդունման դեպքում պատասխանատվությունից կազատվեին 3000-ից ավելի տղամարդիկ, ովքեր ոչ պաշտոնապես ամուսնացել էին անչափահաս աղջիկների հետ: ՄԱԿ-ի տվյալներով, անչափահաս աղջիկների հետ ամուսնությունների թիվը շատ ավելի բարձր է. Թուրքիայում ամուսնությունների առնվազն 15 տոկոսի դեպքում ամուսիններից մեկն անչափահաս է եղել, նշում են ՄԱԿ-ի մասնագետները: