Այս ամիս ԱՄՆ-ում առաջին քամուց ստացվող Բլոք Այլենդի էներգիայի բլոկը 17 հազար տների կապահովի էլեկտրականությամբ: Դրա կառուցումը տևել է շուրջ 8 տարի՝ Միացյալ Նահանգներին դարձնելով առաջատար կլիմայի փոփոխման դեմ պայքարում:
Կլիմայի փոփոխության վերաբերյալ Գրանֆամի հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սամուել Ֆանհաուզերը ասում է, որ ԱՄՆ-ի դերը առաջնային է Փարիզի համաձայնագրի վավերացման և իրականացման հարցում:
Փարիզի համաձայնագիրը միտված է պայքարել համաշխարհային ջերմացման դեմ մասամբ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման միջոցով:
Իր քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը խոստացել է չեղյալ ճանաչել համաձայնագիրը 100 օրվա ընթացքում իշխանության գալուց հետո և կենտրոնանալ ԱՄՆ-ի էներգետիկ անկախության հարցի վրա:
«Մենք պատրաստվում ենք վերաշահագործել հանքերը, մենք կբացենք դրանք», ասել է Թրամփը:
Վաշինգտոնի քաղաքականության վերանայումը կլիմայի փոփոխման հարցում կարող է բացասաբար անդրադառնալ արտանետումների նվազեցման միջազգային ջանքերի վրա:
«Ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ը դադարի առաջնորդել այս համաձայնագիրը այն փակուղի կմտնի։ Լավ նորությունն էլ այն է, եթե այն կարելի է համարել լավ, որ Փարիզի համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից, եթե ԱՄՆ-ը դրա անդամ է, ավելի դժվար է լքել այն, քան միանալ դրան»,-ասում է Սամուել Ֆանհաուզերը:
Մարոկոյում ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող քննարկումների մասնակիցները մտահոգված են ստեղծված իրավիճակով:
«Եթե Թրամփը դուրս գա Փարիզի համաձայնագրից, դա նշանակում է վերջ ամեն ինչին, և դա լավ չէ աշխարհի համար»,- Մալավիի խորհրդարանի անդամ Վերամ Մանասեհ Չլանգան:
Քամու էներգիայի կողմնակիցները հույս ունեն, որ այս ոլորտը կպահպանվի և կշարունակի զարգանալ:
«Ցանկանում եմ հավատալ, որ քամուց ստացվող էներգիայի հիմնավորումները այնքան զորեղ կլինեն, որ որևէ վարչակազմ այն չի վերանայի»,- ասում է Քեթրին Բոյեսն ԱՄՆ-ի ազգային բնության ֆեդերացիայից:
Փորձագետների կարծիքով Թրամփի հաղթանակի ազդեցությունը կլիմայի փոփոխման քաղաքականության վրա տեսանելի կլինի միայն մի քանի ամիս անց, սակայն Փարիզի համաձայնագրի ապագան մնում է անորոշ: